«27 հոգի վարորդական իրավունքից զրկվել է առանց պետհամարանիշի ավտոմեքենա վարելու համար, 16 հոգի զրկվել է կրկնակի ոչ սթափ վիճակով վարելու համար, 6 հոգի՝ սթափության զննությունից խուսափելու համար, 180 հոգի էլ զրկվել է 0.5 մլ/գ խմածության համար: Չենթարկվելու և փախուստի դիմելու համար 2 հոգի է զրկվել վարորդական իրավունքից, իսկ 3 հոգի՝ հատուկ ձայնային ազդանշաններ կիրառելու համար»,- Ֆեյսբուքի ուղիղ եթերով հայտնեց վարչապետ Փաշինյանը երթևեկության բալային համակարգի մասին խոսելիս:
Վարչապետը հայտնեց նաև, որ ևս 77 հոգի ոչ միայն զրկվել է վարորդական իրավունքից, այլև նրանց հետ կապված նյութեր են պատրաստվել և ուղարկվել նախաքննության:
«Նրանց մի մասը վարորդական իրավունք չի ունեցել ու խմած մեքենա է վարել»,- նշեց վարչապետը՝ ավելացնելով, որ զրկելը այդպիսի դեպքերում արդարացված է:
Դեռ ոչ ոք բալային համակարգի պատճառով չի զրկվել վարորդական իրավունքից՝ նշեց վարչապետն ու ավելացրեց, որ բալային համակարգի առաջին արդյունքները, ամենայն հավանականությամբ, կդիտարկվեն մարտ-ապրիլ ամիսներին:
«Ուզում եմ արձանագրել, որ այսօրվա դրությամբ բալային համակարգի պատճառով ոչ մի վարորդ չի զրկվել, զրկվել են միայն նրանք, ովքեր կոպտագույն խախտումներ են թույլ տվել ոչ միայն երթևեկության առումով, այլև հանրային անվտանգությունը հարվածի տակ դնելու առումով: Երբ բալային համակարգով առաջին զրկումները կարձանագրվեն, մենք վերլուծություն կանցկացնենք և կհասկանանք՝ որքանով է այն արդարացի, որքանով՝ ոչ, և որոշում կկայացնենք այս համակարգի հետագա կատարելագործման համար: Կարծում եմ՝ ոչ բալային համակարգով, այս խստացումների արդյունքում զրկվածներն արդարացի են զրկվել»,- նշեց վարչապետ Փաշինյանը: