Միլիարդատեր և Նյու Յորքի նախկին քաղաքապետ դեմոկրատ Մայքլ Բլումբերգը, չորեքշաբթի երեկոյան առաջին անգամ կմասնակցի նախագահի ընտրություններում կուսակցության թեկնածուների բանավեճին: Միջոցառմանը մասնակցելու համար Բլումբերգը պետք է ստանար կուսակցության առնվազն 10 տոկոսի աջակցությունը:
Բանավեճը տեղի կունենա Նևադայում: Քննարկումներին կմասնակցեն նախագահի հավանական թեկնածուներից ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, Ինդիանայի նահանգի Սաութ-Բենդ փոքր քաղաքի նախկին քաղաքապետ Փիթ Բութիջիչը, Մինեսոտայի սենատոր Էմի Կլոբուշարը, Վերմոնտի սենատոր Բեռնի Սանդերսը և Մասաչուսեթսի սենատոր Էլիզաբեթ Ուորենը:
Բլումբերգի հիմնական կարգախոսն է՝ «Հաղթել Թրամփին և վերականգնել Ամերիկան»: Նա Միացյալ Նահանգների ներկա նախագահին անվանում է երկրի սպառնալիք:
Բլումբերգի քարոզչական տեսանյութում նշվում է, որ նա զրոյից բիզնեսի կայսրություն է կառուցել, սեպտեմբերի 11-ի ողբերգությունից հետո մոխիրներից վերականգնել է Նյու Յորքը և շրջակա միջավայրի պահպանման համար պայքարել է ածուխի լոբբիի դեմ, մինչդեռ Թրամփի վարչակազմը անտեսում էր բնապահպանական խնդիրները: Բլումբերգը ընտրողներին խոստանում է նաև անվճար առողջապահական ապահովագրություն: