Մարզերում մեկնարկել է «ՏԻՄ-երում կանանց մասնակցությունը՝ համայնքների զարգացման գրավական» խորագրով ֆորումների շարքը, որի նպատակն է քննարկել ՏԻՄ-երում կանանց ներկայացվածության հիմնահարցերը և խթանել տեղական կառավարման մակարդակում կանանց մասնակցությունը։
Հանդիպումների մեկնարկը տրվել է Տավուշի մարզից, որի աշխատանքներին մասնակցել է ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը։
Գիլոյանը կարևորել է կանանց մասնակցությունը տեղական մակարդակում որոշումների կայացման գործընթացներում և ներկայացրել կանանց համար հավասար մրցակցության իրավական մեխանիզմերի ներդրման ուղղությամբ պետության կողմից իրականացվող քայլերը։
Ֆորումին ներկայացվել են ՏԻՄ-երում կանանց մասնակցության վերաբերյալ վիճակագրական տվյալներ և հետազոտությունների արդյունքներ, հնչել են փորձագիտական գնահատականներ։ Հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել Արմավիրի մարզում։
«ՏԻՄ-երում կանանց մասնակցությունը՝ համայնքների զարգացման գրավական» խորագրով մարզային ֆորումների շարքն անցկացվում է «Կանայք քաղաքականության մեջ» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համագործակցությամբ՝ Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ: