Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 46 րոպե տևողությամբ հանդիպումը դեռ հայաստանյան, ադրբեջանական և միջազգային քաղաքագիտական շրջանակների քննարկման առանցքում է:
Մյունխենի անվտանգության համաժողովի պանելային հանդիպման ձևաչափը նոր էր, այն առանձնահատուկ էր նաև Փաշինյանի ու Ալիևի արտահայտած մտքերի տեսանկյունից:
Իլհամ Ալիևը հերթական անգամ փորձեց դիմել Ադրբեջանի կողմից խեղաթյուրված պատմական փաստերի օգնությանը՝ օրինակ բերելով Խոջալուի հայտնի դեպքերը:
Հայաստանի վարչապետն էլ վկայակոչեց Խոջալուի դեպքերի մասին Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովի հայտնի հարցազրույցը ռուսական պարբերականին:
Ալիևը Մութալիբովի այդ հարցազրույցը որակեց ֆեյք նյուզ, բնականաբար, հիշեց, իր խոսքով, ամենակարող հայկական լոբբիի մասին, ունկնդիրներին փորձեց վստահեցնել՝ հայերն են այն հորինել ու խցկել ռուսական մամուլ:
Փետրվարի 15-ի գիշերը ծանր անցավ հատկապես Ադրբեջանի առաջին նախագահի համար:
Ադրբեջանի պետական հեռուստաալիքը 82-ամյա Մութալիբովից գիշերվա կեսին հարցազրույց վերցրեց, որում, բնականաբար, առաջին նախագահը պետք է հաստատեր գործող նախագահի մյունխենյան հավաստիացումները: Մութալիբովը, ակնհայտ մոնտաժված, մինչև մեկ րոպե տևողությամբ մինի-հարցազրույցում գրեթե երդվեց, որ նման հայտարարություն երբևէ չի արել:
«Փաշինյանի խոսքերը իրական հիմք չունեն: Նա սուտ է ասում: Հետևաբար այս արյունալի կոնֆլիկտը կապել «Արգումենտի ի ֆակտի» թերթից ինչ-որ լրագրողի ասածի հետ ոչ միայն տրամաբանական չէ, այլև ոչ օբյեկտիվ է: Այն էլ այնպիսի համաժողովում, ինչպիսին մյունխենյանն է: Այնուամենայնիվ, մեր երկրի նախագահը բավականին համոզիչ պատասխան տվեց այս ստին: Ընդհանրապես, այս հարցում ինձ հղում տալը զարմանալի է և անընդունելի»,- ասել է Մութալիբովը:
Ստի դեմ՝ միայն փաստերի լեզվով: «Արմենպրես» գործակալությունը գտավ հայտնի հարցազրույցի հեղինակին, որը հավաստիացրեց՝ Մութալիբովը ստում է:
«Արմենպրեսի» թղթակցի ճշտող հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ Ադրբեջանի նախագահը Մյունխենի անվտանգության համաժողովի հրապարակային ամբիոնն օգտագործեց հերքելու Մութալիբովի խոսքերը, Մազալովան ընդգծեց. «Ես կպատասխանեմ այսպես. գիտենք` Թուրքիան էլ մինչև հիմա հերքում է Հայոց ցեղասպանությունը: Եվ վերջ»:
Համացանցում Ադրբեջանի առաջին նախագահի՝ ոչ միայն ռուսական թերթին տված հարցազրույցն է պահպանվել, այլև ընդամենը 3 տարի առաջ՝ 2017-ին, «Ալ Ջազիրայի» թուրքական ծառայությանը տված հարցազրույցը, որի ընթացքում Մութալիբովը կրկին հաստատել է քաղաքական վտարանդի կարգավիճակում իր հայտարարածը: Լրագրողի հարցին, թե չէի՞ն կարող կանխել Խոջալուի դեպքը և ինչու՞ չկարողացան փրկել խաղաղ բնակչությանը, Մութալիբովը պատասխանել է. չեն կարողացել փրկել, քանի որ իրենք Ղարաբաղի տարածքում չէին կռվում, Խոջալուն Ղարաբաղի տարածքում է, իսկ իրենք Ղարաբաղ մտնել չէին կարողանում:
Հատված Մութալիբովի՝ «Ալ Ջազիրայի» թուրքական ծառայությանը տված հարցազրույցից:
Լրագրող - Իսկ ինչո՞ւ չմտաք: Բավականաչափ միջոցներ ու մարդիկ չկայի՞ն:
Մութալիբով - Կային: Ամեն ինչ կար: Ուղղակի նպատակ կար սահմանն անցնել ու հանդիպել փախստականներին, որոնք Խոջալուից էին գալիս: Ամեն բան դրա համար էր արվում:
Լրագրող - Իսկ ինչո՞ւ չստացվեց:
Մութալիբով - Չստացվեց, քանի որ Ադրբեջանում իշխանության համար պայքար էր գնում: Ինչքան վատ լիներ Մութալիբովի համար, այնքան լավ նրա հակառակորդների համար:
Լրագրող - Ձեզ համար թակա՞րդ էին սարքել:
Մութալիբով - Այո՛, ահա սա է մեր ազգային պատկերացումը:
«Նեզավիսիմայա գազետայի» հարցազրույցի ժամանակ անկախություն հռչակած առաջին նախագահը քաղաքական վտարանդի էր, ապրում էր Մոսկվայի ծայրամասում՝ առանց անձնագրի և գոյատևման միջոցների: Նա Ադրբեջան վերադարձավ միայն 2 տասնամյակ անց:
2011-ին՝ 19 տարվա արտաքսումից հետո ահաբեկչական գործողություններ կատարելու համար մեղադրվող 73-ամյա Մութալիբովին Ալիև կրտսերը «վեհանձնաբար» թույլատրեց ներկա լինել որդու հուղարկավորությանը: Նրա հետագա կացությունն Ադրբեջանում հնարավոր դարձավ, երբ ընդունվեց հատուկ օրենք` «Նախկին նախագահի կարգավիճակի մասին», որը երկրի նախկին ղեկավարներին անձեռնմխելիություն է շնորհում։ Հայրենիքում Մութալիբովն այլևս քաղաքականությամբ չզբաղվեց: