Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի գլխավորած պատվիրակությանը:
Նախարարը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար և կարևորել ռազմավարական բարեփոխումների իրականացման գործընթացում էական ներդրում ունեցող՝ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ գործող ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի գործունեությունը:
Դեբորա Գրիզերը ևս բարձր է գնահատել հիմնադրամի աշխատանքը, արդարադատության նախարարության հետ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և վերահաստատել Հայաստանի կառավարությանը հատկապես հակակոռուպցիոն պայքարում օժանդակելու պատրաստակամությունը:
Զրույցի ընթացքում նախարար Բադասյանը ներկայացրել է նախարարության առաջնահերթությունները՝ հակակոռուպցիոն կոմիտեի և հակակոռուպցիոն դատարանի ստեղծում, ոստիկանության ոլորտի բարեփոխումներ և ԱՄՆ ՄԶԳ գործընկերների հետ քննարկել նշված ուղղություններով համագործակցության հնարավորությունները:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատանքներին աջակցելուն և հակակոռուպցիոն պայքարի արդյունքում դատաիրավական համակարգի նկատմամբ հանրության վստահությունը բարձրացնելուն ուղվված մի շարք հարցերի: