Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցներն օրերս կանխել են թմրամիջոցների մաքսանենգության հերթական փորձը:
Մասնավորապես՝ ՊԵԿ աշխատակիցներն անձնական զննության ենթարկելով Իրանի քաղաքացուն, նրա գոտկային մասին ամրացված կտորի միջից հայտնաբերել են շուրջ 600 գ «մարիխուանա» տեսակի թմրանյութի կանաչավուն զանգվածի պարունակությամբ 14 փաթեթ: Իսկ աջ և ձախ գուլպաներից հայտնաբերել են «ափիոն» տեսակի թմրանյութի պարունակությամբ 4 փաթեթ՝ ավելի քան 500 գ ընդհանուր քաշով:
Դեպքով ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների արդյունքում հաջորդ օրը հայտնաբերվել և մաքսանենգության դեմ պայքարի վարչություն բերման է ենթարկվել Իրանի քաղաքացուց թմրամիջոցներ ձեռք բերած ՀՀ քաղաքացին:
Փաստի առթիվ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերով ՊԵԿ քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում դատարանը որոշում է կայացրել կալանավորել նրանց: