Ուկրաինայի Գերագույն ռադայում կքննարկվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնելու մասին բանաձևի նախագիծը: Ինչպես հայտնում է AnalitikaUA.net կայքը, օրենսդրական նախաձեռնությունը հեղինակել է Ուկրաինայի «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավոր Դարյա Վոլոդինան:
Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը Գերագույն ռադայի խորհրդարանականի նախաձեռնությունը կարևոր քայլ է անվանել, որը ցույց է տալիս մարդասիրության, ճշմարտության և արդարության գաղափարներին հետևողական նվիրվածությունը:
Պարբերականը հիշատակում է, որ սա արդեն չորրորդ օրենսդրական նախաձեռնությունն է վերջին 10 տարվա ընթացքում:
Վերջերս Ուկրաինայի «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավոր Անտոն Պոլյակովը գրանցել էր Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի նախագիծը:
2013-ի հունիսի 6-ին Ուկրաինայի Գերագույն ռադայում գրանցվել էր 1915-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի նախագիծ: Օրինագիծը նախաձեռնել էին պատգամավորներ Վիլեն Շատվորյանը, Արսեն Ավակովն ու Նվեր Մխիթարյանը: 2015-ի ապրիլի 3-ին Ուկրաինայի Գերագույն ռադայում կրկնակի քննարկման էր դրվել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի նախագիծը: Այն ժամանակ նախաձեռնությանը միացել էին տասնյակ պատգամավորներ: