ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համագործակցությամբ մեկնարկել է «Արտահանողի զարգացման դրամաշնորհներ» ենթածրագիրը` Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագրի» շրջանակներում:
Արտահանողների զարգացման դրամաշնորհների նպատակը համատեղ օգտագործման ռեսուրս կենտրոնների ստեղծումն է (լոգիստիկ կենտրոններ, տրանսպորտային միջոցներ, մարքեթինգի ծառայություններ, արտադրական հանգույցներ և այլն) ՓՄՁ-ների հզորացման նպատակով՝ խթանելով ՓՄՁ-ների արտադրական, առևտրի և արտահանման կարողությունները: Մրցույթը բաց է արտահանման բարձր ներուժ ունեցող բոլոր ոլորտների համար, սակայն առաջնահերթությունը տրվելու է գյուղատնտեսությանը, սննդի վերամշակմանը և տեքստիլին։
Արտադրանքից արտահանում արժեշղթայում ծագած խնդիրների լուծմանն ուղղված այս ծրագրի վերաբերյալ Երևանում և մարզերում անցկացվել են տեղեկատվական մի շարք միջոցառումներ՝ ծրագրի բովանդակության, մասնակցության չափանիշների, հայտերի գնահատման կարգի և այլ տեղեկատության ներկայացման նպատակով։
Մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետը մարտի 20-ն է։