Փետրուարի 22-23-ը Ապարանի մերձակայքում կկայանան յուկիգասենի չեմպիոնների լիգայի մրցումներ (ձնամարտի թիմային տարբերակ):
Հայաստանի յուկիգասենի ֆեդերացիայի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ միջոցառմանը կմասնակցեն թիմեր աշխարհի ութ երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից և Ֆինլանդիայից:
Նշվում է, որ միջոցառմանը կմասնակցեն ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, գործարարներ, երգիչներ և շոու բիզնեսի այլ ներկայացուցիչներ:
Յուկիգասենի մրցումներ Հայաստանում առաջին անգամ անցկացվել են 2019 թվականին: Անցյալ տարվա ապրիլին ֆեդերացիան մասնակցել է Ֆինլանդիայում անցկացվող յուկիգասենի Եվրոպայի 24-րդ առաջնությանը:
Թիմային ձնամարտի հեղինակները ճապոնացիներն են: Ճապոնիայում այն խաղում են դեռ 20-րդ դարի 80-ականներից: Իսկ ձմեռային մարզաձևի առաջին միջազգային մրցումները անցկացվել են Ֆինլանդիայում: