Կառավարությունում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցել են գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչները:
Նիստի ընթացքում քննարկվել է ՀԸԳՀ-ի դեռևս ուժի մեջ չմտած դրույթների կիրարկմանն ուղղված ճանապարհային քարտեզի նախագիծը, որը մշակվել է պետական շահագրգիռ մարմինների համատեղ աշխատանքի արդյունքում: Նիստի ընթացքում զեկույցներով հանդես են եկել առողջապահության, արտակարգ իրավիճակների, արդարադատության և պաշտպանության նախարարությունների, ինչպես նաև ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները:
Քննարկման արդյունքներով որոշվել է լրամշակել համաձայնագրի ուժի մեջ չմտած դրույթների կիրարկմանն ուղղված ճանապարհային քարտեզի նախագիծը, այնուհետև քննարկել այն շահագրգիռ այլ կողմերի հետ: Հանձնաժողովի անդամները կարևորել են նաև այս ոլորտների ճանապարհային քարտեզի կիրարկումը, քանի որ դրանք ևս անդրադառնում են նշված ոլորտներում բարեփոխումների օրակարգային հարցերին: