Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել՝ նշելով, որ առավոտյան ՈՉ-ի քարոզչական կողմ գրանցելու դիմում է ստացել:
«Այսօր առավոտյան ժամը 9:13-ին ԿԸՀ-ն ՈՉ քարոզչական կողմ գրանցվելու դիմում է ստացել»:
Մինչև ԿԸՀ ներկայանալը «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը հայտնել էր ՈՉ քարոզչական կողմի նախաձեռնող խմբի առաջին տասնյակի անունները: Կազմում են՝ Գոհար Մելոյանը, Արսեն Բաբայանը, Էլինար Վարդանյանը, Տիգրան Աթանեսյանը, Աստղիկ Մաթևոսյանը, Արտակ Ասատրյանը, Սիրանուշ Սահակյանը, Անահիտ Սարգսյանը, Արսեն Մկրտչյանը։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ նախաձեռնող խումբը կազմված է բացառապես իրավաբաններից, որոնք 61-ն են և գործում են պետական համակարգից դուրս:
«Մենք կարծում ենք, որ այս գործընթացն ավելի մեծ վտանգ կարող է ունենալ մեր պետականության համար, եթե չձևավորվի ՈՉ-ի քարոզչության կողմ: Կարծում ենք, որ ՈՉ-ի քարոզչության ձևավորումը երկու կարևորագույն նպատակ ունի՝ հնարավորություն տալ ԱՅՈ-ն բացառող բոլոր քաղաքացիներին ունենալ այլընտրանքի հարթակ: ՈՉ-ի քարոզչական կողմին հասնում է հարթակ՝ առաջին հերթին անվճար եթերաժամերի տեսքով, երկրորդը՝ այն քաղաքացիները, որոնք ունեն վերահսկողական մեխանիզմներ, հնարավորություն ունենան դրանք կիրառել, որպեսզի մենք ունենանք օրենքի տառին համապատասխան գործընթաց»,- նշել է Մելիքյանը: