Ռոբերտ Քոչարյանի և իր նախկին երեք ենթակայի գործով դատական նիստն այսօր հետաձգվեց սկսվելուց րոպեներ անց։ Նախագահող Աննա Դանիբեկյանը հայտարարեց՝ ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի թարգմանչի բացակայության պատճառով նիստը հնարավոր չէ շարունակել։
Արդեն մի քանի նիստ է՝ կողմերը քննարկում են պաշտպանների ներկայացրած միջնորդությունը՝ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ։ Նրանց պնդմամբ՝ 2008 թվականին Քրեական օրենսգրքում չի եղել սահմանադրական կարգը տապալելու մասին հոդված, հետևաբար նախկին նախագահն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները չեն կարող այս հոդվածով հետապնդվել: Պաշտպանների միջնորդությանն արդեն իսկ առարկել են դատախազներն ու տուժող կողմը։ Հաջորդ դատական նիստը մեկ շաբաթ հետո է։