Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) շարունակական կրթության բաժինը և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի «Ստարտափ ակումբ» ծրագիրը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ Իջևանում ստարտափ ակումբ հիմնելու վերաբերյալ՝ տեղեկացնում են ՀԱՀ-ի լրատվական ծառայությունից:
Ստարտափ ակումբը կրթական ծրագիր է, որի հիմնական նպատակն է օգնել մարզաբնակ պատանիներին կատարելագործել ձեռներեցության հմտությունները և նպաստել նրանց սոցիալական պատասխանատվության զարգացմանը։ Ակումբներն արդեն գործում են Հայաստանի մի շարք համայնքներում՝ Ապարանում, Աշտարակում, Եղվարդում, Գավառում, սահմանամերձ Կոթի ու Այգեհովիտ համայնքներում, որոնց թվին շուտով կավելանա նաև Իջևանի ակումբը:
Ըստ փոխըմբռնման հուշագրի՝ ստարտափ ակումբի կրթական ծրագրի առաջին փուլը կմեկնարկի 2020 թվականի մարտի 1-ից, հանդիպումները կանցկացվեն Իջևան քաղաքում գտնվող Հայաստանի ամերիկյան համալսարանի գրասենյակում։ Ծրագրին կարող են մասնակցել ստարտափ մշակույթով հետաքրքրված 13-17 տարեկան պատանիները, ովքեր հնարավորություն կունենան ծանոթանալու անձնական զարգացման, գործարար հաղորդակցման և թվային գրագիտության հիմունքներին։
ՀԱՀ-ի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրման առիթով «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի տնօրեն Արսեն Հարությունյանը ընդգծեց․ «Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ համագործակցությունը մեզ հնարավորություն կտա ընդլայնել մեր գործունեությունը և «Ստարտափ ակումբը» ներկայացնել նոր լսարանների։ Այս համաձայնության արդյունքում ստեղծված ակումբը կխթանի Իջևանում և հարակից շրջաններում բնակվող պատանիների ներգրավվածությունը ստարտափ մշակույթի մեջ, կնպաստի նրանց սոցիալական զարգացմանը»։
Հայաստանի ամերիկյան համալսարանի շարունակական կրթության բաժնի առաքելությունն է խթանել համայնքների աճը հասանելի, բարձրորակ կրթական ծրագրերի միջոցով։ Բաժնի տնօրեն Լուսինե Հեյզը նշեց․ «Հայաստանի ամերիկյան համալսարանի շարունակական կրթության բաժինը ձգտում է որակյալ կրթությունը հասանելի դարձնել բոլորի համար։ Մենք նպատակադրված ենք ստեղծել որակյալ աշխատուժ և աջակցել զարգացող ընկերություններին ճշգրիտ համակարգերի և գործնական դասընթացների միջոցով։ Մենք հավատում ենք, որ երիտասարդության ներուժը բացահայտելու լավագույն եղանակներից են իրենց գաղափարները կյանքի կոչել և ձեռներեցության ոլորտում առաջին քայլեր անել սովորեցնելն է»։