ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նախարար Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կապիտալի շուկայի զարգացման խնդիրներին նվիրված քննարկում, որին մասնակցել են իրական հատվածի զարգացման ներուժ ունեցող ավելի քան 30 ձեռնարկությունների ներկայացուցիչներ։
Իր ներածական խոսքում Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է քննարկման մասնակիցներին, որ վերջին երկու ամսվա ընթացքում ոլորտին առնչվող շահագրգիռ պետական մարմինների և ֆինանսական կառույցների ղեկավարների ու փորձագետների հետ քննարկումների արդյունքում կազմվել է կապիտալի շուկայի զարգացման ծրագրային գործողությունների ճանապարհային քարտեզ:
«Այսօր հրավիրել ենք ձեզ՝ որպես կապիտալի շուկայի պոտենցիալ մասնակիցների և կարևոր դերակատարների, ներկայացնելու մեր աշխատանքը և խոսելու առաջիկա անելիքների մասին։ Քննարկենք, թե ինչ հնարավորություններ կարող եք դուք ունենալ՝ դառնալով շուկայի մասնակից, ինչպես նաև լսելու ձեր կարծիքը և առաջարկությունները. ի՞նչ խնդիրներ և խոչընդոտներ եք տեսնում, ի՞նչ առաջարկություններ ունեք, ի՞նչն է խանգարում ձեզ կապիտալի ներգրավման գործընթացում և ի՞նչ փոփոխություններ է անհրաժեշտ իրականացնել, որպեսզի ընկերությունների համար կապիտալի շուկան դառնա ավելի հասանելի»,- ասել է էկոնոմիկայի նախարարը։
Հանդիպման մասնակիցներին ներկայացվել է «Կապիտալի շուկա․ աճի հնարավորությունների բացահայտում» շնորհանդեսը, որի ընթացքում ներկայացվել են կարծիքներ և առաջարկություններ քննարկվող հետևյալ հարցերի վերաբերյալ՝ կորպորատիվ կառավարում, թողարկման և ցուցակման կարգավորումներ, թափանցիկություն, ֆինանսական միջոցների առաջարկ և այլն։
Հնչեցված առաջարկություններում նշվել է օրենսդրական փաստաթղթերի վերանայման և համաձայնեցման, մասնավոր ներդրումային ֆոնդերի կարևորության, ֆինանսական գործիքների ընկալումների մոտարկման անհրաժեշտությունը:
Հանդիպման ավարտին նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին ակտիվ մասնակցության համար և տեղեկացրել, որ կապիտալի շուկայի զարգացման ճանապարհային քարտեզը կլրամշակվի ներկայացված առաջարկություններով, հավելել, որ հանդիպումները շարունակական կլինեն։
«Յուրաքանչյուր կազմակերպության հետ պատրաստ ենք նաև առանձին քննարկել իրենց կողմից ներկայացվող խնդիրները և լինել առավելագույնս օգտակար: Առաջիկայում լրամշակված փաստաթուղթը կներկայացվի հաստատման: Իրագործման փուլում կրկին ձեզ հետ համագործակցությունը մեզ խիստ անհրաժեշտ կլինի, քանի որ դուք եք անմիջական շահառուները, և լավագույն ճանապարհները գտնելու համար ձեր օժանդակությունը չափազանց կարևոր է մեզ համար»,- ասել է Նաիրա Մարգարյանը։