ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հարավային Կորեայի Ազգային առողջապահական ապահովագրության ծառայության նախագահի հետ: Այս մասին Թորոսյանը հայտնել է Ֆեյսբուքի էջում.
✅ Սկզբում ապահովագրության մեջ ներգրավված է եղել բնակչության մոտ 9%-ը, երբ երկրի մեկ մարդու հաշվով ՀՆԱ-ն (PPP) եղել է 1.785$: 2017 թ. համար մեր երկրի նույն ցուցանիշը մոտ 10.000$ է, հետևաբար պատկերացրեք՝ ինչ վատ տնտեսական պայմաններում է այդ որոշումը կայացվել, քանի որ նման համակարգերի ներդրումը տնտեսական զարգացում է բերում, ոչ թե հակառակը:
✅ Համակարգի ներդրումից 12 տարի հետո` 1989 թ., համակարգի ծածկույթը կազմում էր բնակչության գրեթե 100%-ը:
✅ Մինչև 2000 թ. ապահովագրությունը իրականացվում էր իրարից անկախ 320 ապահովագրական հիմնադրամների կամ ընկերությունների կողմից, իսկ այդ թվականից դրանք բոլորը միավորվեցին մեկ Ազգային առողջապահական ապահովագրության ծառայության մեջ, որն աշխատում է համերաշխության սկզբունքով, ինչպես նաև ապահովում է արդյունավետություն և հավասարություն բոլորի համար:
✅ Այս պահին ծառայությունը տնօրինում է տարեկան մոտ 60 մլրդ ԱՄՆ դոլար, որի 86%-ը գոյանում է 6% ապահովագրավճարից աշխատավարձից (3% գործատու, 3% աշխատակից) և ինքնազբաղվածների վճարած ապահովագրավճարներից (կախված եկամուտներից և գույքից), իսկ մնացածը՝ կառավարության այլ սուբսիդիաներից:
✅ Այս պահին 17.5 մլն աշխատող քաղաքացիներ վճարում են իրենց և 19.5 մլն իրենց ընտանիքների անդամների համար, ովքեր չեն աշխատում: Եվ 8 մլն տնային տնտեսություններ հավաքական վճարում են 14 մլն քաղաքացու համար, որպես ինքնազբաղվածներ»,- գրել է Թորոսյանը: