«Կադրային փոփոխություններ կլինեն, որոնց պաշտոնական հրամանագրերը կհրապարակվեն»,- խորհրդարանում փակ նիստից հետո լրագրողներին ասել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը: Արտակ Դավթյանն ասել է նաև, որ ինքը շարունակելու է պաշտոնավարել:
Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ բացթողումներ են եղել, որ մեկուկես ամսվա ընթացքում բանակում 13 մահվան դեպք է գրանցվել, Դավթյանը պատասխանել է.
«13 զոհից 8-ի մահվան պատճառը մենք հստակ գիտենք: 8-ից 4-ը հիվանդության հետ են կապված, մյուս 4-ը դժբախտ պատահարի հետևանք է, որից երեքն էլ մնացել էին ձնահոսքի տակ: Իսկ մնացած դեպքերով, որոնց գործերը հարուցվել են ինքնասպանության հասցնելու հոդվածներով, իրավապահները զբաղվում են: Դրանց պատասխանները շուտով կստանանք»,- նշել է ԳՇ պետը:
Արտակ Դավթյանը նաև հայտնել է, որ ծառայողական քննությունների արդյունքներով բացթողումներ ու թերություններ էին հայտնաբերվել, ինչից հետո սպայական կազմում եղել են պաշտոնանկություններ: