Շարունակելով գրիպի և սուր շնչառական վարակների մշտադիտարկումը` Առողջապահության նախարարությունը նշել է, որ դիտվում է իրավիճակի կայունացում, իսկ որոշ ցուցանիշներով՝ նվազում:
Սուր շնչառական վարակներով պոլիկլինիկա դիմելիությունը նախորդ ուրբաթի (14.02.2020 թ.) համեմատ նվազել է 1,4 անգամ, իսկ նախորդ երկուշաբթիի (10.02.2020թ.) հքամեմատ՝ 1,2 անգամ:
Իրավիճակի կայունացում դիտվում է սուր շնչառական վարակներով և հետգրիպային բարդություններով հոսպիտալացումներում, չնայած այն հանգամանքին, երբ Երևան քաղաքի մանկական հիվանդանոցները դեռևս աշխատում են գերծանրաբեռնված: Համաճարակաբանական վերլուծությունների տվյալները փաստում են, որ հոսպիտալացված երեխաների 65-75%-ը մանկահասակ երեխաներն են, որոնք, որպես ռիսկի խումբ, պետք է պատվաստվեն գրիպի դեմ:
Նախարարությունը կրկին հիշեցրել է, որ գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է: Հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով, և բոլոր նրանք, ովքեր սեզոնային գրիպի դեմ պատվաստում դեռևս չեն ստացել, կարող են դիմել իրենց հաշվառման պոլիկլինիկա և պատվաստվել, հատկապես՝ հղիները, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները, 65 տարեկանից բարձր տարիքի անձինք, շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք:
Անդադառնալով կրթական հաստատություններում առկա իրավիճակին՝ նախարարությունը նշել է, որ սուր շնչառական վարակներով հիվանդացությունը կազմում է 7,1%: Դա բացատրվում է այն հանգամանքով, որ ձեռնարկված «համաճարակաբանական ֆիլտրի» արդյունքում սուր շնչառական վարակներին բնորոշ երեխաների մուտքն արգելվում է կրթական հաստատություններ, իսկ նրանց տվյալները տրամադրվում են պոլիկլինիկական կազմակերպություններին՝ անհրաժեշտ խորհրդատվություն և բուժում ապահովելու համար: Սուր շնչառական վարակների տարածումը կրթական հաստատություններ հնարավորության սահմաններում բացառելու համար «համաճարակային ֆիլտրի» աշխատանքները կրելու են շարունական բնույթ:
Համաձայն լաբորատոր հետազոտությունների արդյունքների՝ այսօր հանրապետությունում շարունակվում է Ա H1N1 ենթատեսակի, գրիպի Բ տեսակի, ինչպես նաև շնչառական այլ վարակների հարուցիչների շրջանառությունը:
Սուր շնչառական վարակներով, գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու նպատակով Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս.
-
պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով Ձեր հաշվառման պոլիկլինիկա.
-
խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից.
-
եթե հիվանդ եք, մնացե´ք տանը, հատկապես գրիպանման երևույթներ ունեցող երեխաներին մի´ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը.
-
եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ.
-
մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար.
-
հագնվե´ք եղանակին համահունչ.
-
պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը.
-
օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ.
-
հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները.
-
հետևե´ք անձնական հիգիենային։