Դեռ նախորդ տարվանից մայրաքաղաքի մաքրության, ինչպես նաև ձնամաքրման աշխատանքներով հիմնականում զբաղվում է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը: Փողոցների ձնամաքրման համար կազմակերպությունն այսօր ունի անհրաժեշտ տեխնիկա: Արդյունքում՝ կատարված աշխատանքը գոհացնում է վարորդներին: Սակայն դեռևս անելիքներ կան մայթերի մաքրման համար հատուկ տեխնիկայի ձեռքբերման ուղղությամբ,- նշված է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրությունում:
«Մենք նոր ենք կազմավորել մեր համայնքային ընկերությունը և արդեն վերջնական համալրել ենք տեխնիկայով, որն զբաղվում է փողոցների ձնամաքրմամբ, աղբահանությամբ, և տեսնում եք, որ երկու մասով էլ արվում է լավագույնը՝ վերջին տասնամյակների ընթացքում: Եվ շատ բնական է, որ դեռևս չենք հասցրել համալրվել մայթերը մաքրող տեխնիկայով: Այս տարվա մեջ արդեն գնումների միջոցով ձեռք կբերենք անհրաժեշտ տեխնիկան և մյուս տարի այդ խնդիրները չենք ունենա»,- ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Համայնքից բացի՝ մայրաքաղաքի մայթերի ձնամաքրման հարցում պատասխանատու են նաև տնտեսվարողները:
Համայնքային կառույցում անհրաժեշտ տեխնիկայի համալրումը շարունակվում է: Կազմակերպությունն այսօր ունի 30 միավոր ձնամաքրման հատուկ տեխնիկա: Ձեռնարկված քայլերի արդյունքում շատ շուտով համայնքը ձեռք կբերի նաև մայթերը մաքրող մասնագիտացված մեքենաներ: