Այսուհետ մինչև 100․000 դրամ գույքային պահանջներով ավտոպատահարները կարող եք գրանցել նաև ASWA բջջային հավելվածի միջոցով՝ Համաձայնեցված հայտարարագրի էլեկտրոնային լրացման եղանակով, հայտնում են Հայաստանի ապահովագրողների բյուրոյից:
«ASWA բջջային հավելվածը կարող եք անվճար ներբեռնել iOS 8 և ավելի նոր կամ Android 4.1 և ավելի նոր օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների միջոցով՝ App Store և Google Play Store հարթակներից։
Բջջային հավելվածով պատահարը կարող է ձևակերպել ինչպես պատահարին մասնակից վարորդներից որևէ մեկը, այնպես էլ ցանկացած երրորդ անձ, որն ունի ներբեռնված բջջային հավելված և ինտերնետ հասանելիություն դեպքի վայրում։
Բջջային հավելվածն աշխատում է շուրջօրյա՝ առցանց (on-line) ռեժիմով։ Բջջային hավելվածի օգտագործումը բավական մատչելի է․ հավելվածով հնարավոր է պատահարը գրանցել պարզ գործողությունների միջոցով և հաշված րոպեների ընթացքում։
Բջջային հավելվածով պատահար գրանցելու դեպքում համաձայնեցված հայտարարագրի թղթային տարբերակ այլևս չի կազմվում, ինչպես նաև անհրաժեշտ չէ հեռախոսազանգի միջոցով ապահովագրական ընկերությանը տեղեկացնել տեղի ունեցած պատահարի մասին: Բջջային հավելվածի միջոցով ավտոպատահարի գրանցման մասին տեղեկատվությունը պատահարի գրանցումից անմիջապես հետո ուղարկվում է պատահարին մասնակից ավտոմեքենաների՝ տվյալ պահին գործող ԱՊՊԱ պայմանագրում նշված էլեկտրոնային փոստի հասցեներին։
Ուշադրությո՛ւն․ Ձեզ պատկանող ավտոմեքենաների վերաբերյալ բջջային հավելվածի միջոցով գրանցվող պատահարների մասին պատշաճ տեղեկատվություն ստանալու նպատակով խնդրում ենք ստուգել և համոզվել, որ Ձեր ԱՊՊԱ պայմանագրում լրացված է ճիշտ էլեկտրոնային փոստի հասցե։ Եթե ԱՊՊԱ պայմանագրում նշված է սխալ էլեկտրոնային փոստի հասցե, ապա հնարավորինս սեղմ ժամկետներում դիմեք Ձեր ապահովագրական ընկերությանը և ճշգրտեք այն»,- ասված է հայտարարության մեջ։