Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատվիրակությունը մեկնել է Վատիկան՝ մասնակցելու Արևելյան Ուղղափառ և Կաթոլիկ եկեղեցիների միջև պաշտոնական երկխոսության շրջանակում կազմակերպվող երիտասարդ հոգևորականների հավաք-հանդիպմանը։
Պատվիրակության կազմում են Գևորգյան Հոգևոր Ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանը, Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Արժանապատիվ Տ. Վահրամ քահանա Մելիքյանը և Մայր Աթոռի Կաթողիկոսական գրասենյակի քարտուղար Արժանապատիվ Տ. Ադամ քահանա Մակարյանը:
Մեկշաբաթյա ճանաչողական այցի ընթացքում պատվիրակությունը կայցելի Կաթոլիկ եկեղեցու հոգևոր ուսումնական-կրթական կենտրոններ, Առաքելական պալատ, ինչպես նաև պաշտոնական հանդիպում կունենա Հռոմի քահանայապետ, Նորին Սրբություն Ֆրանցիսկոս պապի հետ։
Հավաքի մասնակիցների համար պաշտոնական ընդունելություն են կազմակերպելու Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և կաթոլիկ ու հայ կաթոլիկ բարձրաստիճան եկեղեցականները։