Ղազախստանի նախագահի խորհրդական, տնտեսագետ Օլժաս Խուդաիբերգենովը Ֆեյսբուքի էջում ներկայացրել է վերջին 1 ու կես տարում Հայաստանի կառավարության աշխատանքները՝ մատնանշելով նոր իշխանության ձեռքբերումները։
«Նիկոլ Փաշինյանի կառավարման 1.5 տարվա ընթացքում ձևավորվել է նոր խորհրդարան, որտեղ պատգամավորների միջին տարիքը 40-ն է: Այս ընթացքում ստեղծվել է հակակոռուպցիոն հանձնաժողով, որի ղեկավարը ընդդիմության ղեկավարն է: Կոռուպցիայի և հարկերից խուսափելու դեմ պայքարի արդյունքում՝ 2019 թ․-ին պետական բյուջե է վերադարձվել 115 մլն դոլար: Վերադարձված գումարը 7 անգամ ավելի շատ է, քան նախորդ 11 տարվա ընթացքում եղածը: Այս պահին քննվել է 346 գործ, ևս 20 361-ը քննվում են: 1.5 տարում նոր օրենք է ընդունվել, համաձայն որի առգրավվում է պաշտոնյայի ունեցվածքը, եթե նա չի կարողացել ապացուցել դրանց ծագման օրինականությունը»:
Խուդաիբերգենովը ներկայացրել է նաև 2019 թ․ ՀՀ տնտեսական ցուցանիշները, նշելով, որ ՀՆԱ-ն աճել է 8.2 տոկոսով, ապա հավելել, որ իրենց երկրում նշում են, թե 8 տոկոսից ավելի հնարավոր չէ տնտեսական աճ գրանցել:
«Արտահանումն աճել է 9 տոկոսով, արդյունաբերությունը՝ 9, աշխատավարձերը բարձրացել են 5.8, պետբյուջե հարկերի մուտքը՝ 43.6, նվազագույն աշխատավարձը՝ 20 տոկոսով: Կառուցվել է 350 կմ նոր ճանապարհ, իսկ զբոսաշրջիկների թիվն աճել է 15 տոկոսով՝ հասնելով 1.9 մլն մարդու»,- գրել է Խուդաիբերգենովը:
Նա նկատել է, որ Հայաստանի ոսկու և արտարժույթի պահուստները գրանցել են պատմական ռեկորդ՝ աճել են 26 տոկոսով ՝ հասնելով 2,8 միլիարդ դոլարի:
«Հաջորդ 3 տարում լինելու է 22 դպրոցի և 8 քոլեջի ամբողջական վերանորոգում: Ղազախստանի մասշտաբներով՝ 130 դպրոց և 50 քոլեջ: Հայաստանում գործարկվել են «Ryanair» և «Wizzair» լոուքոստերները․ այժմ Եվրոպայից Հայաստան ժամանելու համար անհրաժեշտ է ընդամենը 40 ԱՄՆ դոլար՝ նախկին 200-ի փոխարեն: Ճանապարհային ոստիկանությունը մի համակարգ է ներդրել, համաձայն որի յուրաքանչյուր վարորդի տրվում է տարեկան 9 բալ և ամեն խախտման համար դրանք հանվում են: Զրոյական դառնալու դեպքում վարորդը զրկվում է իր վկայականից»: