Հատուկ քննչական ծառայության քննիչը առարկություն է ներկայացրել Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի և աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով հսկող դատախազի ցուցումի դեմ: Այդ մասին 1lurer.am-ին հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:
Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ ՀՔԾ քննիչի առարկությունը ստացել են, այն քննարկման փուլում է:
Հիշեցնենք՝ հսկող դատախազը ցուցում էր տվել առաջադրված մեղադրանքները փոփոխելու և նոր մեղադրանքներ առաջադրելու վերաբերյալ:
Մասնավորապես, դատախազությունը գտել էր, որ Բաբլոյանին պետք է մեղադրանք առաջադրվեր ոչ թե Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու, այլ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, իսկ Արսեն Բաբայանին՝ ոչ թե ՍԴ լիազորություններին տիրանալուն օժանդակելու, այլ դարձյալ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Առաջադրված մյուս մեղադրանքի՝ պաշտոնեական կեղծիքի վերաբերյալ դատախազն անհամաձայնություն չուներ:
Նշենք, որ դատախազը երկրորդ անգամ չէր հաստատել մեղադրական եզրակացությունը, և գործն ուղարկվել էր ՀՔԾ՝ լրացուցիչ նախաքննության: