2020 թ. փետրվարի 7-ին Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին գրություն է ներկայացրել, որ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ենթակայությամբ գործող 21 մանկապարտեզում մատուցվող ծառայությունների նկատմամբ հսկողության արդյունքում հիմնավոր կասկածներ են ի հայտ եկել, որ դրանցից մի քանիսում վարվող փաստաթղթերում, մասնավորապես` սննդամթերքի մուտքի և ելքի հաշվառման գրանցամատյաններում, կատարվել են կեղծ գրառումներ՝ անհետացող թանաքի օգտագործման միջոցով:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ (պաշտոնեական կեղծիք) հոդվածի 1-ին մասով: ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում իրականացվում է նախաքննություն:
Նախաքննության ընթացքում կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված մանկապարտեզներից 5-ում սննդի մուտքի և ելքի գրանցամատյաններում օգտագործվել են ջերմային ներգործության հետևանքով անհետացող գրելանյութով գրիչներ:
Մատյանների ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ բազմաթիվ դեպքերում տարբեր տեսակի սննդամթերքների մուտքի-ելքի սյունակներում գրված սկզբնական թվերը պարբերաբար փոփոխվել են:
Կատարվում են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ առերևույթ հանցավոր արարքների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է: