Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի՝ կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանումը և կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ կատարված մշտադիտարկման այցի արդյունքում արձանագրված խնդիրների վերաբերյալ կազմել են մանրակրկիտ վերլուծություն:
Արձանագրվել են հետևյալ հիմնական խնդիրները.
• բացակայում են հղի կամ իրենց մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող կալանավորված անձանց և դատապարտյալների համար նախատեսված խցերը կամ կացարանները, ինչպես նաև վերջիններիս համար հարմարեցված սանհանգույցները և լոգարանները.
• չեն պահպանվում ազատությունից զրկված անձանց տրամադրվող սննդի քանակական և որակական չափանիշները, ինչպես նաև սննդի բազմազանությունը.
• առկա են բժշկական օգնության կազմակերպմանն առնչվող խնդիրներ, օրինակ՝ չի պահպանվում ազատությունից զրկված անձանց բժշկական գաղտնիքը.
• բացակայում են գինեկոլոգիական բնույթի բժշկական օգնության համար նախատեսված դեղամիջոցների և հետազոտությունների համար անհրաժեշտ պարագաներն ու գործիքները, ինչը խոչընդոտ է պատշաճ գինեկոլոգիական ծառայությունների մատուցման համար.
• բացակայում են ատամնաբուժական օգնության կազմակերպման համար անհրաժեշտ նյութերը և պարագաները.
• առկա են սեռավարակների հայտնաբերման և ուռուցքային հիվանդությունների կանխարգելմանն ուղղված սկրինինգային հետազոտությունների կազմակերպման խնդիրներ.
• հայտնաբերվել են ժամկետանց դեղեր.
• առկա են բժշկական թափոնների խոտանման հետ կապված խնդիրներ.
• ոչ բավարար են կահավորված երկարատև տեսակցությունների համար նախատեսված սենյակները.
• քրեակատարողական հիմնարկում իրականացվող վերասոցիալականացման և հասարակություն վերաինտեգրման միջոցառումները ժամանակավոր են և ոչ պարբերական.
• առկա են ազատությունից զրկված օտարերկրացի քաղաքացիների հաղորդակցման և դրանով պայմանավորված՝ վերջիններիս իրավունքների ապահովման խնդիրներ.
• միայնակ պահվող՝ ազատությունից զրկված անչափահասները զրկված են բավարար մարդկային շփման հնարավորությունից.
• առկա է ազատությունից զրկված անձանց հետ անմիջականորեն առնչվող հսկիչների, անվտանգության բաժնի ծառայողների, ինչպես նաև սոցիալ-հոգեբանական ծառայության անձնակազմի վերապատրաստումների անհրաժեշտություն.
• քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների աշխատանքային պայմաններն անբավարար են:
Մարդու իրավունքների պաշտպանը ողջունելի է համարում դրական փոփոխությունները, որոնք հիմնականում հանգում են հետևյալին.
• կանանց տեղամասի առաջին հարկում տեղակայված ընդհանուր դահլիճը «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը կահավորել է մի շարք նոր մարզասարքերով և մարզական գույքով, կազմակերպել են յոգայի դասընթացներ.
• նույն ծրագրի շրջանակներում կազմակերպվել են նաև մի շարք այլ դասընթացներ՝ վարսահարդարման, խոհարարության (խոհանոցը կահավորվել է նոր տեխնիկայով), գորգագործության, թաղիքագործության և այլն.
• ծրագրի շրջանակներում վերանորոգվել է կանանց տեղամասի առաջին հարկում տեղակայված սենյակներից մեկը՝ կահավորելով այն որպես համակարգչային սենյակ, որտեղ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվում են մի շարք դասընթացներ, իսկ դատապարտյալ կանայք հնարավորություն ունեն հատուկ ծրագրի միջոցով սովորել անգլերեն.
• ազատությունից զրկված կանայք ակտիվորեն օգտվում են տեսազանգի հնարավորությունից.
• քրեակատարողական հիմնարկի մասնաշենքերում փակցված են եղել դիմումների արկղեր.
• կանանց տեղամասի ընդհանուր կացարանը օրվա հերթապահ պատասխանատուների հսկիչ կետից շարունակել է առանձնացված լինել ապակե միջնորմով, որը ներկվել է՝ բացառելով քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից կացարանի անմիջական և մշտական դիտարկման հնարավորությունը.
• 2019 թվականի սեպտեմբերից ազատությունից զրկված անչափահասները ստացել են միջնակարգ կրթություն ստանալու հնարավորություն. քրեակատարողական հիմնարկում գործում են 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ դասարաններ:
Մարդու իրավունքների պաշտպանությունը համակողմանի գործընթաց է, որը ենթադրում է դրա բոլոր մասնակիցների իրավունքների երաշխավորում, նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքի ապահովում և փոխադարձ հարգանք երաշխավորող հարաբերությունների հաստատում: Այս սկզբունքային մոտեցման բաղադրիչներից է իրավասու այն մարմինների աշխատակիցների, ծառայողների իրավունքների վիճակը, ովքեր իրենց գործունեությամբ կոչված են իրականացնել հասարակության անդամների իրավունքների պաշտպանությունը:
Քրեակատարողական ծառայողների աշխատանքային արժանապատիվ պայմաններն ու սոցիալական երաշխիքները, այդ թվում՝ աշխատավարձը, ունեն շարունակական բարելավման կարիք:
Այցի արդյունքում կազմված վերլուծական փաստաթուղթը ներկայացված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկների հետ Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարություն և Քրեակատարողական ծառայություն՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ քննարկելու բարձրացված հարցերը և աջակցելու դրանց լուծմանը: