2020 թվականի ապրիլի 5-ին տեղի ունենալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն կանցկացվի 49 օրից: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկացմամբ՝ հանրաքվեի տեղամասերը կկազմավորվեն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 45 օր առաջ:
Իսկ այսօր՝ փետրվարի 17-ին, լրացել է ԱԺ պատգամավորների կողմից «Ոչ» քարոզչության կողմ ձևավորելու ժամկետը: Հիշեցնենք, որ սահմանված ժամկետում քարոզչության կողմ չգրանցվելու դեպքում «Ոչ» քարոզչության կողմ կարող է ձևավորել առնվազն 50 քաղաքացուց բաղկացած խումբը: Քաղաքացիների կողմից «Ոչ» քարոզչության կողմ գրանցելու գրություն (դիմում) Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող է ներկայացվել 2020 թվականի փետրվարի 18-ից: Գրությունը (դիմումը) կարող է ներկայացվել աշխատանքային օրերին՝ ժամը 9:00-18:00-ն:
Հիշեցնենք նաև, որ «Հանրաքվեի մասին» օրենքը սահմանում է, որ քարոզչության կողմերն իրավունք ունեն`
-
անվճար օգտվել հանրային հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 60 րոպե, իսկ հանրային ռադիոյի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 120 րոպե.
-
վճարովի հիմունքներով օգտվել հանրային հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 120 րոպե, իսկ հանրային ռադիոյի եթերաժամից` ոչ ավելի, քան 180 րոպե` քարոզչության հիմնադրամի միջոցների հաշվին:
-
Քարոզչության կողմերին վճարովի և անվճար եթերաժամը տրամադրվում է եթերաժամ տրամադրողին ներկայացրած գրավոր դիմումի հիման վրա:
-
Հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ հասարակական կարծիքի սոցիոլոգիական հարցման արդյունքների հրապարակման ժամանակ զանգվածային լրատվության միջոցները պարտավոր են նշել հարցման ժամկետները, հարցվողների թիվը և ընտրանքի ձևը, հավաքման ձևը և վայրը, հարցի ճշգրիտ ձևակերպումը, հնարավոր սխալի վիճակագրական գնահատականը և պատվիրատուին:
-
Հանրաքվեի քվեարկության օրը` մինչև ժամը 20:00-ն, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերություններին կամ հեռուստաընկերություններին արգելվում է հրապարակել հանրաքվեի մասնակիցների «Այո» կամ «Ոչ» քվեարկելու արդյունքները: