Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Կիպրոսի Հանրապետության ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ։
Զրուցակիցներն անդրադարձել են հայ-կիպրական օրակարգի մի շարք հարցերի՝ գոհունակությամբ ընդգծելով երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա խարսխված միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը:
Նախարարներ Մնացականյանն ու Խրիստոդուլիդեսը հանգամանալից քննարկել են 2019 թ․ հիմնված Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ մեխանիզմի զարգացման հեռանկարները ու 2020թ․ ապրիլին Երևանում նախատեսվող առաջին գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների մանրամասները։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի և Եվրամիության միջև գործընկերության հարցերին՝ այդ առնչությամբ կարևորելով ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ համագործակցության իրավական նոր հիմք հանդիսացող Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ: Կողմերն ընդգծել են տարածաշրջանային անվտանգության ու կայունության պահպանման և ամրապնդման գործում միջազգային համագործակցության կարևորությունը: