Ամերիկյան ավտոարտադրող Tesla-ն Գերմանիայում անտառահատում է սկսել՝ 92 հա մակերեսով գործարանի կառուցման համար:
Ըստ գերմանական DW-ի՝ Բրանդենբուրգի երկրամասի խոսնակ Սայմոն Զունկեն հայտարարել է, թե Tesla-ն Գրինհայդեի քաղաքապետարանի ենթակայության տակ եղող տարածքը գնել է օրինական հիմքերով և նախատեսում է էլեկտրական մեքենաների գործարան կառուցել այն տեղում, որտեղ թույլատրված ծառահատումները կավարտի մինչև փետրվարի վերջը:
Բրանդենբուրգի Շրջակա միջավայրի նախարարությունն էլ նշել է, որ Tesla-ին իսկապե՛ս թույլատրվել է ծառահատումը՝ չնայած այն հանգամանքին, որ գործարանի կառուցման թույլտվություն դեռևս չի ստացվել:
Մի քանի բնապահպանական կազմակերպություններ այս առիթով դատական հայց են ներկայացրել Ֆրանկֆուրտի վարչական դատարան, երկրամասի ու քաղաքապետարանի ղեկավարության որոշումից դժգոհել են նաև հասարակ քաղաքացիները:
Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ Tesla-ն հայտարարել էր 2021 թվականին Գերմանիայում կառուցվելիք գործարանի մասին, որտեղ աշխատանքի կանցնի մինչև 10,000 մարդ: