Քիչ առաջ հայտնի դարձավ «Եվրատեսիլ-2020»-ի հայաստանյան մասնակցի անունը: Հանրային հեռուստաընկերության հայտարարած ազգային ընտրության արդյունքում հաղթող ճանաչվեց Աթենա Մանուկյանը:
Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերությունը, հանդիսանալով Եվրոպական հեռարձակողների միության (ԵՀՄ) լիիրավ անդամ, որոշում էր կայացրել «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթի հայաստանյան պատվիրակի ազգային ընտրություն անցկացնել և հնարավորություն ընձեռել բոլոր ցանկացողներին ներկայացնել իրենց երգերը։
Ամիսներ շարունակ տևած հայտագրման ընթացքում Հանրային հեռուստաընկերությունը ստացել էր մասնակցության 53 վավեր հայտ (հայտարարված վերջնաժամկետից հետո ստացված հայտերը չեն դիտարկվել):
Դիտարկելով բոլոր հայտերը, ժյուրին առանձնացրել էր 12 լավագույն մասնակիցներին: Ընդ որում, հայտերը դիտարկելիս հաշվի էին առնվել մրցույթի կանոնակարգով սահմանված չափանիշները. ներկայացված հայտի համապատասխանությունը մրցույթի կանոններին և ժամկետներին, երգի համապատասխանությունը մրցույթի ձևաչափին, ժանրային և կերպարային բազմազանությունը։
Հայտերը դիտարկող ժյուրիի կազմում են եղել՝ Նաիրա Գուրջինյանը, Անիտա Հախվերդյանը, Լիլիա Նիկոյանը, Ռուբեն Բաբայանը Վարդան Հակոբյանը, Տիգրան Դանիելյանը, Դավիթ Ծերունյանը, Կարեն Թաթարյանը և Անուշ Տեր-Ղուկասյանը։