Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո Իսլամական Հանրապետությունը շատ մոտ էր ԱՄՆ-ի հետ պատերազմին: Այս մասին տեղեկացնում է NBC-ը: Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ այդ սպանությունը դարձել էր տարածաշրջանում Միացյալ նահանգների ներկայության «վերջի սկիզբը»:
«Մենք շատ մոտ էինք պատերազմին, քանի որ Միացյալ Նահանգներն Իրանի դեմ ագրեսիվ քայլ էր իրականացրել»:
Միաժամանակ հայտնի են դարձել իրանցի գեներալին սպանելու ԱՄՆ-ի դրդապատճառները: Ղասեմ Սոլեյմանիի սպանության հրամանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տվել է ամերիկյան օբյեկտների և դրանց անձնակազմի վրա ավելի վաղ իրականացված հարձակումներին ի պատասխան: Այս մասին տեղեկությունը տարածել է ԱՄՆ նախագահի վարչակազմը: