Չինաստանի արտգործնախարար Վան Ին առաջարկել է, որ Վատիկանի Պետքարտուղար Փոլ Ռիչարդ Գալագերն ուժեղացնի երկկողմ համագործակցությունը Պեկինի հետ: Շաբաթ օրը, Չինաստանի արտգործնախարարության հաղորդմամբ, այդ երկրի և Սուրբ Աթոռի արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները պատմական հանդիպում են անցկացրել՝ հաղորդում է ТАСС-ը:
«Չինաստանը պատրաստ է ուժեղացնել փոխըմբռնումն ու փոխադարձ վստահությունը Վատիկանի հետ, նպաստել մեր երկկողմ համագործակցության շարունակական խթանմանը»,- ասվում է Չինաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրութան մեջ:
Նախարարի խոսքով՝ Պեկինը և Սուրբ Աթոռը հսկայական դաշտ ունեն հետագա կապերի զարգացման համար: Նա ընդգծել է, որ Չինաստանի և Վատիկանի միջև կնքված՝ եպիսկոպոսների նշանակման ժամանակավոր համաձայնագիրը կարևոր փաստաթուղթ է, որը շատ լավ հիմք է տալիս հետագա շփումների համար:
Չինաստանի ԱԳ ղեկավարը Վատիկանի ներկայացուցչին պատմել է իրենց երկրում տիրող իրավիճակի և կորոնավիրուսի դեմ պայքարի մասին:
«Վիրուսը ողջ մարդկության թշնամին է և պահանջում է միջազգային հանրության համատեղ հակազդեցությունը…Ես հավատում եմ, որ Վատիկանն այս հարցում կառուցողական դերակատարում կունենա, հավատարիմ կմնա օբյեկտիվ, ռացիոնալ և գիտականորեն հաստատուն դիրքին և կաջակցի Չինաստանի ջանքերին՝ գլոբալ առողջության անվտանգությունն ապահովելու համար»,- նշում է չինական կողմը: