Ապատեղեկատվության հեղեղը շարունակվում է՝ Ֆեյսբուքում գրել է Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Անցած շաբաթվանից սկսած՝ որոշ լրատվամիջոցներ փորձում են արատավորել քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի անունը` ինչ-որ քրեական գործերի հետ առնչութունների մասին կեղծ լուրեր տարածելով:
Նախօրեին երեկոյան էստաֆետը ստանձնեց 168.am կայքը՝ մի քանի տողանոց հիմնազուրկ մի հրապարակմամբ, իսկ որոշ այլ կայքեր արագորեն տարածեցին այդ նոր բամբասանքը այն մասին, թե իբր Հայկ Սարգսյանը «կարող է առնչվել վերջերս հարուցված մի աղմկահարույց քրեական գործի հետ»:
Արդեն հայտարարել ենք և վերահաստատում ենք, որ Հայկ Սարգսյանը որևէ քրեական գործում որևէ կարգավիճակով ընդգրկված չէ, նրա անվան արծարծումը այս կամ այն քրգործի առնչությամբ փաստական որևէ հիմք չի պարունակում և ըստ էության անձի արժանապատվության և գործարար համբավի արատավորման փորձ է:
Հայկ Սարգսյանը շարունակում է պաշտոնավարել Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնում, իսկ պաշտոնավարումից հրաժարվելու դեպքում անգամ դա որևէ քրեական գործի հետ առնչակցությամբ պայմանավորված չի կարող լինել:
«Իմ քայլը» քաղաքական մեծ թիմի անդամների նկատմամբ գրեթե ամենօրյա ռեժիմով կատարվող տեղեկատվական հարձակումների քաղաքական նպատակը բավական թափանցիկ է, այնուհանդերձ, դա պատիվ չի բերում բամբասանքը տարածող լրատվամիջոցներին»,- գրել է Հ.Կարապետյանը: