Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Խորվաթիայի արտաքին և եվրոպական հարցերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի հետ:
Նախարար Մնացականյանը շնորհավորել է Գրլիչ Ռադմանին ԵՄ Խորհրդում նախագահությունը ստանձնելու կապակցությամբ՝ վերահաստատելով հայկական կողմի աջակցությունը Խորվաթիայի նախագահության առաջնահերթություններին:
Գործընկերները մտքեր են փոխանակել հայ-խորվաթական օրակարգի մի շարք հարցերի շուրջ, մասնավորապես, կարևորել են տարբեր մակարդակներով երկկողմ հանդիպումների, փոխայցերի ակտիվացման և քաղաքական խորհրդակցությունների անցկացման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրումը։
Առանձնահատուկ ընդգծվել է բազմակողմ հարթակներում համագործակցության ներուժի լիարժեք կիրառումը։ Անդրադառնալով Հայաստան-ԵՄ գործընկերությանը` կողմերն ընդգծել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դերը ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ ՀՀ հարաբերությունների խթանման և իրավական կարգավորման գործում:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել առաջիկա ԱլԳ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների շուրջ:
Մարդկանց միջև փոխշփումների աշխուժացման համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մատնանշել է ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարևորությունը Հայաստանի համար: