Փետրվարի 15-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր:
Աշխարհում տարեկան գրանցվում է մանկական քաղցկեղի մոտ 200 000 նոր դեպք: Բժշկագիտության վերջին տասնամյակների առաջընթացի արդյունքում ներկայումս քաղցկեղով 100 երեխայից 85-ը ունեն կատարյալ առողջացման հնարավորություն:
Սակայն նման ցուցանիշներ գրանցվում են հիմնականում, զարգացած երկրներում: Զարգացող երկրներում, որտեղ գրանցվում է դեպքերի մոտ 80%-ը, մանկական քաղցկեղի ապրելիությունը բավականին ցածր է և կարող է տատանվել 0-ից մինչև 60%-ը:
Հայաստանը, չնայած լինելով զարգացող երկիր, մանկական քաղցկեղից առողջացման տվյալները գրեթե մոտենում են զարգացած երկրների տվյալներին՝ կազմելով մոտ 65-70%: Այսինքն՝ Հայաստանում մանկական քաղցկեղով 100 երեխայից 65-70-ը կատարյալ առողջանում են, վերադառնում կյանք, հաճախում դպրոցներ և համալսարաններ, ունենում իրենց երեխաները:
Չնայած ձեռքբերումներին՝ խնդիրները դեռևս շատ են, և բոլորիս պարտքն է կանգնել քաղցկեղով հիվանդ երեխաների կողքին և նպաստել նրանց լիակատար առողջացմանը: