ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Մյունխենում հանդիպել է Չեխիայի իր գործընկերոջ՝ Տոմաշ Պետրժիչեկի հետ:
Գործընկերները քննարկել են հայ-չեխական օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ընդգծելով բազմոլորտ համագործակցության զարգացման և առավել ընդլայնման ուղղությամբ քայլերի ձեռնարկման պատրաստակամությունը:
Որպես թիրախային ուղղություններ՝ ԱԳ նախարարներն առանձնացրել են տեղեկատվական տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության, խելացի զարգացման և նորարարության ոլորտները՝ կարևորելով ոլորտների անմիջական դերակատարների ներգրավմամբ փորձի փոխանակման և համագործակցության ծրագրերի և միջոցառումների նախաձեռնումը:
Նախարար Մնացականյանը Տոմաշ Պետրժիչեկին ներկայացրել է վերոնշյալ բնագավառներում Հայաստանի արձանագրած հաջողություններն՝ ի դեմս ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, Արմաթ ինժեներական լաբորատորիաների ցանցի:
Փոխադարձաբար կարևորվել է առևտրատնտեսական հարաբերությունների առկա ներուժի լիարժեք օգտագործումը: Այս առումով կողմերն առանձնացրել են Երևանի և Պրահայի միջև ուղիղ չվերթերի հաստատումը՝ որպես գործնական քայլ զբոսաշրջության, մարդկանց միջև շփումների և գործարար կապերի ակտիվացման ուղղությամբ:
Հայաստանի և Չեխիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերությանը, վերջինիս իրավական հենք հանդիսացող փաստաթղթի՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկմանը:
ԱԳ նախարարներն արժևորել են Արևելյան գործընկերության ձևաչափը՝ որպես ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ ընդհանուր արժեքների վրա հիմնված բազմաշերտ շփումների և ազգային մակարդակով ձեռքբերումները համախմբող ամուր հարթակ:
ԱԳ նախարար Մնացականյանն իր չեխ գործընկերոջը ներկայացրել է Հայաստանում իրականացվող լայնամասշտաբ բարեփոխումների գործընթացը՝ նշելով, որ կառառավարությունն ունի մեծ հանձնառություն ժողովրդի կողմից տրված լայն մանդատի շրջանակներում ապահովել բարեփոխումների շարունակականությունը՝ ի նպաստ շոշափելի արդյունքների արձանագրման: