Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ:
ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԵԱՀԿ գործադիր մարմինների հետ հաստատված արդյունավետ գործընկերության ամրապնդումը և ընդլայնումը՝ թիրախային նորանոր ծրագրերի և նախաձեռնությունների խթանման միջոցով: Այս տեսանկյունից քննարկվել են «Հայաստանի հետ համագործակցության» ԵԱՀԿ ծրագրի շրջանակում համագործակցությունը և այն առավել արդյունավետ դարձնելու ուղիները։
Հայաստանի ԱԳ նախարար Մնացականյանը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Գրեմինգերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացին և այս շրջանակում տեղի ունեցած վերջին հանդիպումներին:
Նախարար Մնացականյանն ընդգծել է խաղաղ գործընթացում Արցախի իշխանությունների ուղիղ ներգրավվածության կարևորությունը, հատկապես այն հարցերում, որոնք վերաբերում են Արցախի անվտանգությանը և կարգավիճակին:
Երկուստեք ընդգծվել է խաղաղությանը նպաստող միջավայրի ամրապնդման և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելուն ուղղված հաջորդական քայլերի և այս շրջանակում ԵԱՀԿ դերակատարման կարևորությունը։