ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, 2020 թվականի փետրվարի 14-ի հրապարակման կապակցությամբ ստանալով Երևանի պետական համալսարանի կայքում իրավագիտության ֆակուլտետի, դրա գիտական խորհրդի, ինչպես նաև նշված ֆակուլտետի ուսանողական խորհրդի արձագանքը, իրազեկել է, որ ՀՀ ԱԱԾ հաղորդագրությամբ չի հիշատակվել կոնկրետ իրավագիտության ֆակուլտետի դասախոսի կողմից գումարներ ստանալու կամ ձերբակալվելու հանգամանքը, ինչը ցանկության դեպքում կարող է հաստատվել հաղորդագրության տեքստի կրկնակի ընթերցմամբ։
«Բնավ հաղորդագրությունը չի հետապնդել նաև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի վաստակաշատ պրոֆեսորադասախոսական կոլեկտիվի և ուսանողության բարի համբավը ստվերելու նպատակ։ Ի գիտություն ընդունելով և ողջունելով ֆակուլտետի գիտխորհրդի կողմից կոռուպցիոն երևույթների և դրսևորումների դեմ հետևողական պայքար մղելու հռչակած պատրաստակամությունը` ավելորդ չենք համարում վերահաստատել, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն ամեն պարագայում շարունակելու է կոռուպցիայի հակազդմանն ուղղված օրենքով վերապահված լիազորությունների իրականացումը և դրա դեմ անզիջում պայքարը։ Զերծ մնալով ԵՊՀ կայքում տեղ գտած մեկնաբանություններում օգտագործված ձևակերպումների՝ իրավական կոռեկտություն և որոշակիություն ցուցաբերելու, անմեղության կանխավարկածը երաշխավորելու շուրջ անիմաստ վեճից` հարկ ենք համարում նշել, որ ՀՀ ազգային անվտանգության մարմիններում վարույթն իրականացվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի խստիվ պահպանմամբ, և հենց անմեղության կանխավակածի ինստիտուտի հանդեպ հարգանքից ելնելով՝ ծառայությունը ձեռնպահ է մնում առերևույթ հանցագործություններ կատարած անձանց հստակ պաշտոնները և այլ անհատականացնող տվյալները նշելուց, սակայն խոչընդոտներ չի տեսնում հանրությանն իրազեկել Երևանի պետական համալսարանի այլ ֆակուլտետի դասախոսի կողմից՝ իրեն ծանոթ իրավասու անձանց միջոցով իրավագիտության ֆակուլտետի ուսանողի ընթացիկ քննությունների դրական գնահատականների ստացումն ապահովելու համար գումար ստանալու փաստական տվյալների առկայության մասին։
Անհրաժեշտ ենք գտնում նաև նշել, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցած քրեական գործով ներկա պահին ձերբակալված անձինք չկան, քրեական գործը օրենքով սահմանված կարգով՝ այլ քննչական մարմնում ըստ քննչական ենթակայության քննելու նպատակով, փոխանցվել է ՀՀ գլխավոր դատախազություն և նախաքննության ընթացքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց արարքներին կտրվի համապատասխան քրեաիրավական գնահատական»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է ԵՊՀ դասախոսի կողմից կաշառք ստանալու դեպքեր: