Ամերիկյան Bloomberg պարբերականն անդրադարձել է ռուսական էներգակիրների, մասնավորապես՝ նավթի գործարքի պատճառով վերջին շրջանում ռուս-բելառուսական հարաբերությունների սրմանն ու դրանց հետևանքներին, ինչը ներքին լարվածություն է առաջացրել երկու երկրների ղեկավարների միջև:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին վրդովվել է Կրեմլի ղեկավարի՝ էժան նավթի դիմաց երկու պետությունների միավորման վերաբերյալ «ակնարկները»:
Բելառուսի նախագահի խոսքով՝ Ռուսաստանի իշխանությունն «ակնարկում» է, որ Բելառուսի ղեկավարությունն առավել էժան նավթի ու գազի դիմաց պետք է համաձայնի երկու երկրների միաձուլման առաջարկին: Դա տեղի է ունենում Ռուսաստանի էներգակիրների մատակարարման դժվարացման ֆոնին:
Լոկաշենկոն վստահ է, որ ո՛չ բելառուսները և ո՛չ էլ ռուսները չեն համաձայնի գնալ այդ ուղով: Bloomberg-ը գրում է, որ Կրեմլի պաշտոնատար անձանց հավաստմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահին համառորեն համոզում է համաձայնել նախկին խորհրդային երկու հանրապետությունների միավորմանը: Բելառուսի կլանումը Պուտինին թույլ կտա շրջանցել նախագահության ժամկետի սահմանափակումներն ու դառնալ նոր «միավորված պետության» ղեկավար:
Լուկաշենկոյի խոսքով՝ Բելառուսին մատակարարվող ռուսական նավթի գնի քննարկման ժամանակ Պուտինը հարցրել է, թե Բելառուսի նախագահն ինչո՛ւ է ցանկանում այլ երկրներից նավթ գնել առավել բարձր գնով: Լուկաշենկոն պատասխանել է. «Որպեսզի մենք ստիպված չլինենք ամեն տարի դեկտեմբերի 31-ին ծնկի գալ»:
Ամերիկյան պարբերականը հիշեցրել է, որ Բելառուսը Ռուսաստանի հետ ամեն տարի նավթի մատակարարման նոր պայմանագիր է կնքում: Կրեմլը չի մեկնաբանել իրավիճակը: 1994-ից Բելառուսը ղեկավարող Ալեքսանդր Լուկաշենկոն Բորիս Ելցինի նախագահության տարիներին Ռուսաստանի հետ համաձայնագիր էր ստորագրել, որի համաձայն 1999-ին պետք է ստեղծվեր «միավորված պետություն», սակայն այսօր Լուկաշենկոն ընդդիմանում է երկու երկրների առավել սերտացման Կրեմլի փորձերին:
Ռուսաստանը, որը նախկինում Բելառուսին մշտապես ընդառաջել է նավթի ու գազի հարցում, հունվարին ¾-ով կրճատել էր էներգակիրների մատակարարումը մաքսատուրքերի վերաբերյալ տարաձայնությունների պատճառով: Մոսկվայից պաշտոնատար անձինք հայտնել էին, որ Ռուսաստանն ընդհանրապես կարող է դադարեցնել մատակարարումը, եթե Բելառուսը չհամաձայնի շուկայական գներին: Ի պատասխան՝ Լուկաշենկոն հայտնել էր, որ Բելառուսը ցանկանում է 40 տոկոսով կրճատել ռուսական նավթից իր երկրի կախվածությունն ու սկսել նավթ գնել այլ երկրներից: