Հայաստանի քաղաքական ուժերը շարունակում են դիրքավորվել դաշտում: Գլխավոր իրադարձությունը Սահմանադրության փոփոխությունն է, որի հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին: Ո՞ր կուսակցությունն իրեն ո՞ր ճամբարում է տեսնում՝ աստիճանաբար ուրվագծվում է:
-
«Լուսավոր Հայաստանը» «Ոչ»-ի ճամբար չի կազմի: Հայտարարությունը խմբակցության ղեկավարն արեց օրերս լրագրողների հետ զրույցում: Ըստ Մարուքյանի՝ իրենք իրենց ունեցած գործիքակազմը ծայրից ծայր օգտագործել են և պատրաստ են դեռ Սահմանադրական դատարան դիմելու, եթե լինեն ստորագրություններ, մյուս կողմից՝ բոլոր ուժերին կոչ են անում չմտնել ատելության պատերազմի մեջ, թողնել թող «Այո»-ի ճամբարն իր «այո»-ն քարոզի:
«Մենք ասում ենք՝ նախ հանրաքվեն ապօրինի է ամբողջությամբ, ծայրից ծայր հակասահմանադրական հանրաքվե է, և հետևաբար այդ համասահմանադրական հանրաքվեն մեր ունեցած գործիքակազմով փորձել ենք ներկայացնել, ասել, որ հակասահմանադրական է: Հակասահմանադրական հանրաքվեի հակասահմանադրական պրոցեսի մեջ չպիտի լինի հակառակ ճամբար, պիտի լինի միայն «Այո»-ի ճամբար, «Ոչ»-ի ճամբար չպիտի լինի: Ինչո՞ւ. որովհետև իշխանությանն օդի նման պետք է, որ ինչ-որ մարդիկ «ոչ»-ի քարոզչություն տանեն, որ ինքն այդ մարդկանց ասի՝ այ, դուք Սերժ Սարգսյանին եք պաշտպանում, այսպիսի ելույթներ ունենա, որից բոլորը հոգնել են, և մարդկանց հանի, ասի՝ այ, էս անգամ եթե դուք չգնաք տեղամասեր, նրանք կգան ու ձեզ կկեղեքեն, որ մարդիկ գնան ընտրական տեղամասեր, բայց եթե չի լինում «Ոչ»-ի ճամբար, թող մենակ «այո»-ն քարոզեն, ժողովուրդն էլ կորոշի՝ կգնա, կքվեարկի այդ «այո»-ն, չի գնա, չի քվեարկի: Բայց «Ոչ»-ի որևէ ճակատ ձևավորել՝ նշանակում է իշխանությանը շանս տալ շարունակել գեներացնել ատելություն»,- լրագրողների հետ զրույցում նշել է Էդմոն Մարուքյանը:
-
Խորհրդարանական ընդդիմադիր մյուս ուժի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի այսօրվա նիստում որոշվեց, որ կուսակցությունը չի մասնակցի հանրաքվեին:
«Հանրաքվեն՝ որպես ուղիղ ժողովրդավարության գործիք, մեզ համար մշտապես եղել է ընդունելի: Բայց այս ողջ գործընթացը իրավական դաշտից տեղափոխվել է քաղաքական դաշտ՝ խնդիրը տեղափոխելով սևի և սպիտակի անպտուղ և կործանարար հակամարտության դաշտ: Ուստի մենք այս գործընթացին չենք մասնակցելու»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
-
ՀՀԿ-ն հայտարարեց, որ ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն հակասահմանադրական է, հակաիրավական, հակաժողովրդավարական, և իրենք մտադիր չեն մասնակցել դրան:
«Հանրաքվե նախաձեռնելու ողջ գործընթացը՝ իր բովանդակությամբ և ընթացակարգով, կոպտորեն հակասում է ՀՀ Սահմանադրությանը և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքին, իսկ հարցի քաղաքական ենթատեքստը որևէ աղերս չունի իրավական պետություն կառուցելու և ժողովրդավարությունը ամրապնդելու ուղենիշների հետ:
Այս արկածախնդրության միակ նպատակը հլու-հնազանդ Սահմանադրական դատարան ունենալն է, ինչը ոչ միայն չի լուծելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առջև ծառացած բազմաթիվ իրական խնդիրները, այլև պետականությունը քանդելու հերթական քայլն է:
Հանրաքվեի օրակարգը կործանիչ է: Այն հանրությանն առավել կարևոր խնդիրներից շեղելու և իշխանության արձանագրած ձախողումները թաքցնելու առիթ է: Մենք, արձանագրելով վերոգրյալը և չցանկանալով մասնակից դառնալ Նիկոլ Փաշինյանի և իր քաղաքական թիմի կողմից հասարակությունը կրկին պառակտելու կործանարար գործընթացին, հայտարարում ենք մեր որոշումը հակասահմանադրական հանրաքվեի քարոզարշավին որևէ ձևով չմասնակցելու վերաբերյալ:
Միաժամանակ ցավով ահազանգում ենք, որ միջազգային հանրության արձագանքը վկայում է, որ այս գործընթացը հարիր չէ Եվրոպայի խորհրդի անդամ պետությանը, վնասում է Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությանը, ինչի հետևանքները ծանր կլինեն երկրի ազգային օրակարգի առաջխաղացման և տարածաշրջանային մարտահրավերների սրացման համատեքստում, ինչպես նաև թուլացնելու են Հայաստանի դիրքերը Արցախյան բանակցություններում»,- ասված է ՀՀԿ հայտարարությոն մեջ:
-
ՀՅԴ Գերագույն մարմինը կարծում է, որ օրվա քաղաքական իշխանությունը երկիրը ներքաշում է հերթական արկածախնդրության մեջ և, շահարկելով ու ձևախեղելով անմիջական ժողովրդավարության կարևոր ինստիտուտ հանդիսացող հանրաքվեն, իշխանությունը քողարկում է ամեն գնով մենիշխանություն հաստատելու սեփական նպատակն ու երկրի առջև ծառացած սպառնալիքները չեզոքացնելու անկարողությունը:
«Դատապարտելով ամբոխավարական մեթոդներով արհեստական օրակարգ ձևավորելու քաղաքական իշխանության վարքագիծը, ահանզանգ հնչեցնելով այս հակասահմանադրական ընթացքի մասին՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարում է` անընդունելի է հակաօրինական ճանապարհով հարցեր լուծելու իշխանության մոտեցումը:
Կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին՝ մասնակից չդառնալ իշխանությունների կողմից նախաձեռնած հերթական ապօրինությանը, անտեսել ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն՝ հստակ ուղերձ հղելով իշխանություններին, որ ժողովուրդն այլևս հոգնել է պուպուլիզմից, արհեստածին օրակարգերից, հասարակությունը «սևերի» ու «սպիտակների» բաժանելու քայքայիչ քաղաքականությունից, արդեն շարունակական դարձած ցնցումներից, որոնք այդպես էլ չնպաստեցին հանրային բարեկեցության աճին և իրական ժողովրդավարությանը:
Դիմում ենք քաղաքական կուսակցություններին, քաղաքացիական հասարակությանը, մեր հայրենակիցներին՝ միավորել իրենց ջանքերը՝ բացառելու «Այո»-ն, կանխելու հակապետական այս ընթացքը և, ի վերջո, ձեռնամուխ լինել իրական բարեփոխումների իրականացմանը: Այս նպատակներին հասնելու համար Դաշնակցությունը կձեռնարկի անհրաժեշտ գործողություններ»,- ասված է հայտարարությունում։
-
Հայ Ազգային Կոնգրեսն ափսոսանք է հայտնել, որ իշխանական ուժը ՍԴ ճգնաժամը չլուծեց դեռ մեկ տարի առաջ: Հայտարարությունում նշված է. «Ոչ օրինակարգ, հանցավոր ճանապարհով ձևավորված Սահմանադրական դատարանը հետհեղափոխական Հայաստանում ժողովրդավարության հաստատմանը և ներքին կայունությանը սպառնացող հիմնական գործոններից է: Ակնհայտ է, որ 2015 թ․ լայնածավալ կեղծարարությամբ ժողովրդին պարտադրված գործող Սահմանադրության բազմաթիվ դրույթներ առաջացնում և մշտապես առաջացնելու են իրավական փակուղիներ և տեղիք են տալու հակասական մեկնաբանությունների։ Իսկ խնդրո առարկա հարցում տարընթերցումներին վերջակետ կդնեն Հայաստանի քաղաքացիները` հանրաքվեի արդյունքներով: Իշխանության խնդիրը ազատ կամարտահայտության համար լիարժեք, անառարկելի պայմանների երաշխավորումն է: Կոնգրեսն իր ափսոսանքն է հայտնում, որ իշխանությունը չանսաց քաղաքական ուժերի և հասարակական գործիչների բազմաթիվ կոչերին և չլուծեց կարևոր այս խնդիրը ժամանակին` մեկ տարի առաջ: Ի վերջո, դանդաղկոտությունն ու այս հարցում վճռականության պակասը անհարկի բարդությունների պատճառ դարձան:
Հայ Ազգային Կոնգրեսը կողմ է ԱԺ կողմից առաջարկված սահմանադրական փոփոխությանը և ակտիվորեն մասնակցելու է հանրաքվեին: Վերահաստատում ենք, անկախության ձեռքբերումից ի վեր հաստատված կառավարման մոդելի հիմքով, ամբողջությամբ նոր Սահմանադրություն ընդունելու մեր պահանջը և հայտարարում, որ այդ խնդրի լուծումը առաջիկա ժամանակաշրջանի համար պետք է դառնա մեր պետության օրակարգի գլխավոր հարցը»:
-
Քաղաքացու որոշում կուսակցությունն էլ կարծում է, որ Սահմանադրական դատարանը, որ լիազորություն և պարտավորություն ուներ կանխելու ոտնձգությունները, մշտապես աչք է փակել աղաղակող ընտրակեղծիքների և սահմանադրական կարգի տապալման տարբեր դրվագների վրա։ Այսպիսով ՍԴ-ն, որպես ինստիտուտ, սնանկացրել է ինքն իրեն։ Ըստ կուսակցության.
«Նրանք պետք է հեռանան։ Բազմիցս նշել ենք, որ գործող Սահմանադրությունը չի կարող հանրային հարաբերությունները պատշաճ կարգավորել եւ պարբերաբար առաջացնելու է քաղաքական ճգնաժամեր։ Սահմանադրության կեղծված լինելու հանգամանքը հիմք է հանդիսանալու, որ քաղաքական տարբեր դերակատարներ մի դեպքում ոտքերը սրբեն դրա վրա, իսկ մի ուրիշ դեպքում վկայակոչեն այն որպես «սրբություն սրբոց»։
Ստեղծված իրավիճակում մեծ է հեղափոխական գործընթացների արդյունքում երկրի կառավարումը ստանձնած քաղաքական ուժի մեղքը։ Քաղաքական նոր իրավիճակին համահունչ կանոններ մշակելու և ներդնելու փոխարեն՝ այն կեղծված սահմանադրությամբ ամրագրած հին խաղի կանոնները ճանաչել է որպես պետական-քաղաքական հարաբերությունները կարգավորելու լեգիտիմ մեխանիզմ։
Ընթացակարգերի խախտում թույլ տալը որպես սահմանադրի նպատակների իրագործման միակ ճանապարհ հիմնավորելով՝ կառավարող ուժը ամբողջական քաղաքական պատասխանատվություն է կրում այնպիսի Սահմանադրական դատարան ձևավորելու համար, որի հեղինակության վերաբերյալ հանրության շրջանում այլևս որևէ կասկած չի մնա։
Հանրաքվեի ճանապարհով տեսականորեն հնարավոր է ունենալ սահմանադրի կամքին համահունչ դատարան, սակայն դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե կառավարող ուժը դադարեցնի դրսևորած անհետևողական, երկակի չափանիշներով, փոփոխվող սկզբունքներով, պահի հարմարությամբ առաջնորդվելու իր գործելաոճը»։
-
Արտախորհրդարանական մեկ այլ ուժ՝ «Հանրապետություն» կուսակցությունը, միանում է «Այո»-ի քարոզչությանը:
«Դատական իշխանության հանդեպ կա տոտալ անվստահություն, և ՍԴ-ն համարվում է այդ իշխանության բարձրագույն մարմինը՝ հանրային ընկալման մեջ ունենալով նախկին իշխանության սպասարկուի անբեկանելի համբավ, իրավիճակ, որ չունի հանգուցալուծման քաղաքակիրթ այլ տարբերակ, քան հանրաքվեն:
Միևնույն ժամանակ՝ «Հանրապետություն» կուսակցությունը հիշեցնում է, որ Աժ արտահերթ ընտրություններից անմիջապես հետո առաջարկել է նոր ՍԴ ընտրել՝ հիմնավորելով համակարգային փոփոխությունների անհրաժեշտությամբ, որն էլ մնացել է անպատասխան: «Հանրապետություն» կուսակցությունը ի սկզբանե դեմ էր և ակտիվ «Ոչ»-ի կողմնակից է եղել 2015-ի Սահմանադրության փոփոխություններին ու խորհրդարանական կառավարման մոդելին: Մենք գտնում ենք, որ Հայաստանում հիմնական, չփոփոխվող և արագ որոշումների հնարավորություն տվող մոդել կարող է լինել միայն լրիվ նախագահական կառավարում ապահովող համակարգը։ Մենք համոզված ենք, որ 2015-ի Սահմանադրությունը անկատար է, լի մեծ ու փոքր հակասություններով և վաղ թե ուշ ամբողջությամբ պիտի փոխվի»:
Հիշեցնենք, որ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ից: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամի պաշտոնավարումը: Նախագիծը չի վերաբերում միայն դատավորներ Արման Դիլանյանին և Վահե Գրիգորյանին, քանի որ վերջիններս դատավոր են ընտրվել գործող Սահմանադրության ամբողջական ուժի մեջ մտնելուց հետո: