Ծովի մակերևույթից 3200 մետր բարձրություն ունեցող Արագած լեռան վրա գտնվող կայանը, որն ուսումնասիրում է տիեզերքի ճառագայթները, հայտնվել է աշխարհի ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում:
Առաջինը կայանին անդրադարձել է «Ազատություն» ռադիոկայանը՝ հատուկ ռեպորտաժով: Անդրադառնալով կայանի ստեղծման պատմությանը՝ նշվում էր, որ այն ստեղծվել է 1943 թ.՝ տիեզերական ճառագայթման ուսումնասիրության համար: Ներկայումս Արագածի կայանում ուսումնասիրում են ամպրոպի և տիեզերքի ճառագայթման առանձնահատկությունները:
Հայաստանում տիեզերական ճառագայթների ուսումնասիրման կայանի վերաբերյալ երկրորդ հոդվածը լույս է տեսել բրիտանական հեղինակավոր Guardian պարբերականում: Բրիտանացիներից հետո ամերիկյան New York Times օրաթերթը «Միայնակ՝ լեռներում» վերնագրով հոդվածում գրել է Արագած լեռան կայանի մասին՝ նշելով, որ Խորհրդային Միության փլուզումից հետո այն կորցրել է գիտական ներուժը, այժմ այնտեղ աշխատում է ընդամենը երեք աշխատակից, որոնք պահպանում են սարքավորումները:
Չնայած դրան, ինչպես նշվում է պարբերականում, հայ գիտնականները մեծ աշխատանք են կատարել` ուսումնասիրելով «տիեզերքի եղանակը»` Արեգակի մակերևույթի վրա գտնվող պրոտոնների արտանետումները, հրապարակելով տասնյակ հետազոտական հոդվածներ: