Հայաստանը սկսել է ԵԱՏՄ բյուջե ավելի շատ գումար վճարել՝ այսօր լրագրողներին հայտնեց ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը՝ նշելով, որ Հայաստանն ավանդաբար ԵԱՏՄ միասնական բյուջեից 1.22 տոկոս գումար է ստացել։ Անդամակցության առաջին իսկ օրվանից մեր երկիրն ավելի քիչ գումար է վճարել և ավելի մեծ գումար ստացել։ 2019-ին ևս ստացածը գերազանցում է վճարածին, բայց վճարված ու ստացած գումարների տարբերությունն էապես կրճատվել է։
«2018 թ. կեսերից և 2019 թ. ՀՀ մասնակցությունը ԵԱՏՄ միասնական բյուջեին գնալով ավելացել է։ Սա վկայում է մեր ուժեղացված վարչարարության և ԵԱՏՄ գործընկերների հանդեպ մեր ազնիվ գործընկերային վերաբերմունքի մասին»,- ասաց նա։
ՊԵԿ պաշտոնական տվյալներով` Հայաստանը 2019-ին ԵԱՏՄ միասնական բյուջե մուտք է արել 63 421 000 դրամ, այնտեղից ստացել 75 369 000 դրամ գումար։