2019 թ. չափազանց հագեցած էր ֆուտբոլային իրադարձություններով, ուստի ՀՖՖ-ի կողմից իրականացվել է կամավորների հավաքագրման գործընթաց:
Ընտրված դիմորդները հնարավորություն են ունեցել մասնակցել Մ-19 Եվրո-2019-ի ինչպես նախապատրաստական, այնպես էլ եզրափակիչ փուլի ընթացքում իրականացվող կազմակերպչական աշխատանքներին: Նրանցից շատերը, լավագույնս դրսևորելով իրենց կարողությունները, շարունակել են համագործակցությունը ՀՖՖ-ի հետ՝ ընդգրկվելով ինչպես ազգային հավաքականի հանդիպումների, այնպես էլ ՀՖՖ տարբեր միջոցառումների կազմակերպչական աշխատանքների մեջ:
Շարունակելով հետամուտ լինել հասարակության լայն շերտերի՝ իր կողմից կազմակերպվող միջոցառումներին ներգրավելու քաղաքականությանը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կրկին հայտարարում է կամավորների հավաքագրում՝ ՀՖՖ երկու բաժինների (ՀՖՖ հավաքական թիմերի և հասարակայնության հետ կապերի և լրատվության) աշխատանքներին 2020 թ. ընթացքում ներգրավելու նպատակով:
Հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի աշխատանքներին ներգրավվել ցանկացողները կստանան այդ հնարավորությունը Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների հանդիպումների, իսկ լավագույնս դրսևորվելու դեպքում՝ նաև Հայաստանի ազգային և տարբեր տարիքային հավաքականների միջազգային հանդիպումների ընթացքում:
Հավաքական թիմերի բաժնի կամավորների առաջին փորձը կլինի ապրիլի 18-22-ը Հայաստանում անցկացվելիք ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարը, որը կլինի հնարավորություն՝ հետագայում ավելի բարձր մակարդակի հանդիպումների կազմակերպչական աշխատանքներին ներգրավվելու համար:
Դիմել կարող են բոլոր ցանկացողները` առանց տարիքային սահմանափակման: Դիմելու համար պետք է մինչև մարտի 1-ը [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել ինքնակենսագրականը՝ վերնագրում նշելով այն բաժինը, որտեղ ցանկալի է անցկացնել կամավորական փորձաշրջանը:
Հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնում կամավորական գործունեություն ծավալելու համար նամակի մեջ պետք է նշել նաև զբաղվածության՝ Ձեզ համար նախընտրելի ոլորտը (կոնտենտ մենեջեր, սոցցանցերի մասնագետ, լուսանկարիչ, օպերատոր):