ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իրականացրել է 2019 թ. Հայաստանի Հանրապետության ինտերնետ հասանելիության ծառայությունների ոլորտի վիճակագրական ցուցանիշների վերլուծություն: Ստորև ներկայացված դիագրամներում արտացոլված են ինտերնետ հասանելիության ծառայությունների ոլորտի զարգացման միտումները:
Այսպիսով՝ 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ տարածք ներմուծված միջազգային IP հոսքերի թողունակությունը կազմել է 882 000 Մբիթ/վ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 54.2 տոկոսով:
Միաժամանակ, միջազգային IP տարանցման հոսքերի թողունակությանը զուգահեռ նվազել է այդ ծառայության սակագինը: 2019 թվականի համար 1 Մբիթ/վ արագությամբ տարանցման հոսքի միջին շուկայական արժեքը կազմել է 750 դրամ, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 25 տոկոսով:
Ինտերնետ հասանելիության ծառայությունների բաժանորդների թվաքանակը 2019 թվականին կազմել է 3 087 291, որը նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 6.7 տոկոսով:
Ավելացել են լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման ծավալները, որոնց բաժանորդների թվաքանակը կազմել է 2 830 853, ինչը նշանակում է, որ նախորդ տարվա համեմատ գրանցվել է բաժանորդների քանակի 9.4 տոկոս աճ:
Ավելացել են նաև շարժական լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման ծավալները, որոնց բաժանորդների թիվը 2019-ին կազմել է 2 445 149, որը նախորդ տարվա համեմատ աճել է 9.2 տոկոսով:
Ամրակցված լայնաշերտ ինտերնետ հասանելիությամբ բաժանորդների թիվը կազմել է 385 704, որը նախորդ տարվա համեմատ աճել է 11 տոկոսով:
Հարկ է նշել, որ ամրակցված լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայությունների մանրածախ շուկայում գերակշռել են օպտիկամանրաթելային արագագործ ինտերնետ հասանելիությամբ բաժանորդները, որոնց տեսակարար կշիռը նշված շուկայում 2019 թ. կազմել է շուրջ 59 տոկոս: Ընդ որում՝ 2018 թվականի համեմատ այդ բաժանորդների թվաքանակն աճել է շուրջ 19 տոկոսով: