Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր մասնակցել է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործունեության ռազմավարական պլանավորում» թեմայով քննարկմանը: Այս մասին տեղեկացնում են արդարադատության նախարարությունից:
Քննարկմանը մասնակցել են նաև Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը, հանձնաժողովի անդամներ, պետական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ:
Նախարարն ընդգծել է, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում չհաջողելը հիմնականում պայմանավորված է եղել նաև բավարար մասնագիտական պատրաստվածություն և միջազգային գործող մեխանիզմների մասին բավարար գիտելիքներ չունենալով, և թերագնահատվել է կոռուպցիայի կանխարգելման գործառույթի իրականացումը՝ մշտապես կարևորելով հանցագործությունների քննությունը: «Այս թյուրընկալումը վերացնելու առաքելությունն այսօր ունի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, և կարծում եմ՝ իրենց գործունեությամբ կհիմնավորեն հակառակը»,- նշել է Ռուստամ Բադասյանը:
Նախարարը կրթական և իրազեկման միջոցառումներին զուգահեռ՝ հանձնաժողովի գործառույթներից կարևորել է հայտարարագրերի վերլուծությունն ու բարեվարքության ստուգումը և ընդգծել, որ այն հաջողությամբ իրականացնելու դեպքում հանրության վստահությունը կբարձրանա ոչ միայն հանձնաժողովի, այլև բարեվարքության ստուգումն անցած աշխատակիցներով գործող մարմինների նկատմամբ: Բադասյանը վերահաստատել է Արդարադատության նախարարության պատրաստակամությունը՝ ամենօրյա ռեժիմով աջակցելու հանձնաժողովի արդյունավետ գործունեության ապահովմանը: