Ամբողջ գիշեր տրակտորների և հոսանքի գեներատորների լուսարձակների ներքո «Լոռի» տեղամասի մասնագետները, իրար հաջորդելով, աշխատել են,- տեղեկացնում են «Վեոլիա ջուր» ընկերության լրատվական ծառայությունից:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ երեկոյան վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» 1000 մմ տրամագծով մայրուղային ջրատարը, ինչով պայմանավորված՝ դադարեցվել է Վանաձորի սպառողների մոտ 60 տոկոսի և հարակից 13 բնակավայրերի ջրամատակարարումը:
«Վեոլիա ջուր» ՓԲԸ «Լոռի» շահագործման տեղամասի պետ Ալեքսանդր Բաղդասարյանը տեղեկացրել է, որ ահազանգը ստացվել է 911 ծառայության միջոցով, որից անմիջապես հետո տագնապով ոտքի է հանվել տեղամասի ամբողջ աշխատակազմը: Ու քանի որ վթարի պատճառով փակվել էր ջրատարին հարակից Վանաձոր-Ալավերդի Մ6 միջպետական ճանապարհը, առաջին հերթին ձեռնարկվել են միջոցներ ճանապարհը մաքրելու և երթևեկությունը վերականգնելու նպատակով: «Վեոլիա ջրին» այստեղ զգալի օգնություն է ցույց տվել «Լոռի» ճանշինը, տեղում եղել են ու մշտապես հետևել տարվող աշխատանքներին ՀՀ ԱԻՆ-ի, Վանաձորի քաղաքապետարանի և Լոռու մարզպետարանի ներկայացուցիչները:
Դրանից հետո սկսվել է բուն վթարի վերացումը, որի պատճառը սողանքն է եղել: Խողովակներն այստեղ իրարից հեռացել են մոտ 15 սմ, ավելին՝ դրանք նաև զգալիորեն դեֆորմացվել են, ինչը դժվարացնում է աշխատանքը:
Երեկոյան ժամը 17-ից չեն դադարել վթարի վերացման աշխատանքները: Ըստ Ա. Բաղդասարյանի՝ տեղամասն ապահովված է ամեն ինչով. հույս կա, որ 5-6 ժամից խողովակաշարը կվերագործարկվի, իսկ ջրամատակարարման գրաֆիկը կվերականգնվի մոտ 10 ժամից. շատ ավելի շուտ, քան հայտարարվել է: