ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Դրեյփերի համալսարանի պատվիրակության՝ համալսարանի նախագահ Ասրա Նադիմի գլխավորությամբ։
Նախարարը ողջունել է Սիլիկոնյան հովտի հեղինակավոր համալսարանի պատվիրակության այցը Հայաստան, ընդգծել համատեղ ծրագրեր իրականացնելու պատրաստակամությունը։ Ապա Հակոբ Արշակյանը հյուրերին ներկայացրել է նախարարության գործունեության ուղղությունները, տեխնոլոգիական ոլորտում մեր երկրի ավանդույթները, ինչպես նաև ոլորտի զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության դիրքորոշումը, այդ ուղղությամբ իրականացվող քայլերը։
Նախարարը խոսել է կրթության հանդեպ հայ ժողովրդի վերաբերմունքի մասին, անդրադարձել է ինժեներական կրթության բարձրացմանը, ձեռներեցության զարգացմանն ուղղված ծրագրերին՝ առանձնացնելով Դրեյփերի համալսարանում հայ մասնագետներին ընձեռված հնարավորությունը՝ տեղում ծանոթանալու գաղափարից արտադրանք տանող ամենաարդյունավետ ճանապարհին։
Ասրա Նադիմը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ շատ տպավորված է Հայաստանով, հայ երիտասարդների մտավոր ներուժով, ինժեներական կրթության ավանդույթներով և այդ ոլորտում իրականացվող քայլերով: Նա ներկայացրել է Դրեյփերի համալսարանի կողմից իրականացվող կրթական ծրագրերը, որոնք ուղղված են ձեռնարկատերերի և ներդրողների հմտությունների բարձրացմանը։ Ասրա Նադիմն ընդգծել է նաև, որ հատուկ ծրագրեր են իրականացնում երիտասարդների համար, որոնցով համալսարանը նպաստում է համագործակցություն ձևավորելուն և գաղափարների զարգացմանը։
Հանդիպման ընթացքում Հակոբ Արշակյանը խոսել է նաև Հայաստանի՝ որպես տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն հաստատվելու հնարավորությունների, այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին։ Նա անդրադարձել է «Վիրտուալ կամուրջ» ծրագրի, «Վենչուրային հիմնադրամի» առանձնահատկություններին, թվայնացման ուղղությամբ իրականացվող գործընթացներին, ոլորտի զարգացմանն ուղղված դրամաշնորհային ծրագրերին, աշխարհում հայտնի և Հայաստանում իրենց մասնաճյուղերն ունեցող ընկերությունների գործունեությանը, տեխնոլոգիական ոլորտի զարգացման վրա դրանց ազդեցությանը։
Կողմերը քննարկել են համատեղ ծրագրեր իրականացնելու մի շարք ուղղություններ, այդ թվում՝ Հայաստանում Դրեյփերի համալսարանի մասնաճյուղ բացելու հնարավորությունը։
Խոսվել է նաև տիեզերական ոլորտի զարգացմանն ուղղված քայլերի մասին, այդ ոլորտում գործող ընկերություններին պետության կողմից տրվող արտոնությունների, մի շարք այլ ծրագրերի մասին։ Նախարարը նշել է, որ ձեռնարկված քայլերի արդյունքներն արդեն իսկ նկատելի են, և բարձր տեխնոլոգիական ոլորտը Հայաստանում արագընթաց զարգացում է ապրում։ Կողմերը մի շարք ոլորտներում համագործակցություն սկսելու պատրաստակամություն են հայտնել: