Փետրվարի 13-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին:
Տիգրան Ավինյանը նշել է, որ հայ-ամերիկյան համագործակցությունը ակտիվորեն զարգանում է, և կարևորել է Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ԱՄՆ ցուցաբերած աջակցությունը:
Դեսպան Թրեյսին ասել է, որ իրենք կարևորում են ՀՀ կառավարության հետ սերտորեն գործակցելու հնարավորությունները՝ հասանելի ժողովրդավարական հաստատությունների կայացման ու համընդհանուր բարեկեցության մեծացման հարցերում աջակցելու ընդհանուր հանձնառության համատեքստում:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին և երկրի երկարաժամկետ զարգացման տեսլականին: Քննարկվել են հանրային կառավարման, արդարադատության, գործարար միջավայրի բարելավման ու թվայնացման ոլորտներում իրականացվող և նախանշվող բարեփոխումները:
ՀՀ փոխվարչապետն ու ԱՄՆ դեսպանը անդրադարձել են նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացման հնարավորություններին, հատկապես արհեստական բանականության, 5G տեխնոլոգիայի, կիբեռանվտանգության ուղղություններով: