ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներն այցելել են Տավուշ` մարզի ֆերմերներին և համայնքների ղեկավարներին գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերի մասին իրազեկելու նպատակով:
Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը հանգամանորեն ներկայացրել է ընթացիկ ծրագրերը, տվել պարզաբանումներ ֆերմերների կողմից հաճախ հնչեցվող հարցերի վերաբերյալ: Իր խոսքում նա, մասնավորապես, անդրադարձել է յուրաքանչյուր ծրագրի շրջանակում տրամադրվող պետական աջակցության եղանակներին, ֆինանսական վարձակալության՝ լիզինգի առանձնահատկություններին և ծրագրերով նախատեսվող արտոնյալ պայմաններին:
Իռա Փանոսյանը հավելել է, որ ծրագրերը մշակելիս հատուկ շեշտ է դրվել դրանց փոխկապակցվածության վրա` ֆերմերներին հնարավորություն ընձեռելով օգտվել միաժամանակ մի քանի ծրագրից, ինչը թույլ կտա ապահովել գյուղատնտեսական գործունեության բարձր արդյունավետություն:
Պարզաբանումներ են ներկայացվել նաև ֆերմերների հնչեցրած մի շարք հարցերին` կապված ծրագրերի առանձին կետերի փոփոխությունների և լրացումների հետ:
Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրին` գյուղոլորտի պատասխանատուն հիշեցրել է 2020 թ. գյուղատնտեսական տարվա համար ապահովագրական պայմանագրեր կնքելու ժամկետները. կարկուտի և հրդեհի դեպքում՝ մինչև 2020 թ. մարտի 25-ը, իսկ գարնանային ցրտահարության դեպքում 2020 թ. փետրվարի 15-ը երկարաձգվել է մինչև փետրվարի 21-ը:
Հանդիպման մասնակիցները հարցեր են բարձրացրել ինտենսիվ այգեգործության, գյուղմթերքի մթերման գնի, իրացման հնարավորությունների ընդլայնման վերաբերյալ:
Գյուղոլորտի ծրագրերի իրազեկման արշավները շարունակվելու են այլ մարզերում: