Գորիսում սաստիկ հողմը շարունակվում է արդեն 2 օր։ Այն քշել է բազմաբնակարան շենքերի և սեփական տների տանիքներ, գետնին տապալել հսկայական ծառեր, հենասյուներ։ Քամու արագությունը վայրկյանում եղել է 25 մետր։ Փակ է եղել Հարժիս-Գորիս 9 կմ ճանապարհահատվածը։
Սյունիքի մարզային փրկարարական վարչությունն ու ճանապարհը սպասարկող ընկերությունն աշխատել են արտակարգ ռեժիմով։ Նրանց ջանքերով ճանապարհը պարբերաբար բացվել է, սակայն փոթորիկը կրկին անանցանելի է դարձրել մայրուղու այս հատվածը։
Գորիսի ոստիկանությունը հերթապահություն է իրականացնում։ Քաղաքի բժշկական կենտրոնի դիալեզի բաժանմունքն աշխատել է մինչև կեսգիշեր, սպասարկել Գորիս հասած բոլոր հիվանդներին։ Սիսիանից եկող 9 հիվանդն էլ արդեն ստացել են անհրաժեշտ բուժօգնություն։ Այս պահին ճանապարհը միակողմանի բաց է։