Ինչպես սկսել սպանդանոցի կառուցման գործընթացը, ինչպես օգտվել պետական աջակցության գործիքակազմից, որոնք են պետական աջակցության այդ գործիքները: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ այսօր Լոռու մարզում այս թեմայով հանդիպում էր կազմակերպվել սպանդանոցային գործունեությամբ հետաքրքրված 40-ից ավելի քաղաքացիների հետ:
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը և Տեսչական մարմնի ղեկավարի խորհրդական Արթուր Շատվորյանը ներկայացրել են քայլերի այն հերթականությունը, որ պետք է անցնի սպանդանոցային բիզնեսով զբաղվելու ցանկություն հայտնած քաղաքացին կամ կազմակերպությունը: Դրանք ընդգրկում են նաև պետական աջակցության ծրագրերը:
Հանդիպման մասնակիցները տեղեկացվել են նաև սպանդանոցի կառուցմանն ու շահագործմանը ներկայացվող զոոհիգիենիկ նորմերի, անասնաբուժա-սանիտարական ու բնապահպանական պահանջների մասին:
Հստակեցվել է, որ սպանդանոցները կարող են կառուցվել բնակելի վայրերից, հասարակական վայրերից, բժշկական հաստատություններից առնվազն 300 մ հեռու, նաև՝ թե ինչպիսի բաժանում-գոտիավորում պետք է ունենա սպանդանոցը, ախտահանման ինչ փուլերով պետք է անցնեն տարածք մտնող մեքենաներն ու աշխատակիցները:
Արթուր Շատվորյանը տեղեկացրել է նաև, որ նոր կառուցված սպանդանոցների անձնակազմի, մասնավորապես՝ անասնաբույժ-փորձագետների համար կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ՝ ծանոթացնելու համար սպանդանոցային մորթն ուղեկցող անասնաբուժական 5-րդ ձևի վկայականի էլեկտրոնային համակարգին, հասանելիության անհատական ծածկագիր ու գաղտնաբառ ստանալու կարգին:
Հանդիպումն անցել է ակտիվ հարց ու պատասխանի մթնոլորտում, մասնակիցներին բաժանվել են ուղեցույցներ, որոնցում ամենայն մանրամասնությամբ նկարագրված են պետական աջակցության ծրագրերն ու սպանդանոցներին ներկայացվող պահանջները: