ԱԺ-ն քննարկում է Կառավարության ներկայացրած՝ «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցմ,ան և կանխարգելման մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը» երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Առողջապահության նախարարի տեղակալ, հարցով հիմնական զեկուցող Լենա Նանուշյանը նշեց, որ ծխախոտի օգտագործման համաճարակը, սպառնալով ամբողջ աշխարհին, հիմնախնդիր է նաև Հայաստանում:
«ՀՀ քաղաքացիները ամենօրյա վնասակար ծխի ազդեցության տակ են և համարվում են ամենօրյա պասիվ ծխողներ: Պասիվ ծխելն առկա է ռեստորաններում, գրասենյակներում կամ այլ հանրային տարածքներում, երբ մարդիկ օգտագործում են այնպիսի ծխախոտային արտադրանք, ինչպիսին է ծխախոտը, նարգիլեն և այլն: Մինչդեռ մեր քաղաքացիները, այդ թվում՝ աշխատողները, հղիները, երեխաները, նույնիսկ հնարավորություն չունեն կենսագործել, աշխատել, խաղալ երկրորդային ծխից զերծ միջավայրում»,- նշեց փոխնախարարը:
Նանուշյանի խոսքով՝ ծխախոտային «նորարարական» արտադրատեսակները, իբր, առողջության վրա ազդելու ցածր ռիսկ ունեն, բայց դրանց բաղադրիչների մեծամասնությունը թունավոր է, քաղցկեղածին և կախվածություն առաջացնող:
«Մեր վերաբերմունքը միանշանակ է այսպես կոչված նորարարական և էլեկտրոնային արտադրատեսակների նկատմամբ: Դրանք պետք է կարգավորվեն հավասար հիմունքներով, ինչպես ավանադական ծխախոտային արտադրատեսակները: Չի կարող լինել արտադրատեսակ, որն ավելի մեղմ է հիվանդացնում»,- ասաց Լենա Նանուշյանը: